Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

Ոստիկանության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ, տոն, որը եւս մեկ առիթ է՝ արժեւորելու անցած ուղին, անդրադառնալու կատարված աշխատանքներին ու հետագա անելիքներին: 
Արցախի Ոստիկանությունն իր ստեղծման օրից արդյունավետորեն իրականացնում է օրինականության, հասարակական կարգ ու կանոնի, քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության պարտականությունները: Նրա առջեւ դրված խնդիրները կրկնակի պատասխանատու են ու կարեւոր, քանի որ մեր նպատակն է կառուցել ժողովրդավարական պետություն, որտեղ կտիրի օրենքի գերակայություն եւ յուրաքանչյուր ոք իրեն կզգա անվտանգ ու ապահով: Այդ իսկ պատճառով ոստիկանության գործունեության հանդեպ պահանջների նշաձողը չափազանց բարձր է:
Վստահ եմ, որ դուք այսուհետ էլ կանեք հնարավորը համակարգի առջեւ դրված խնդիրները պատվով ու հաջողությամբ լուծելու համար: Իսկ պետությունն էլ շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման հարցերը:
Հարգարժան ոստիկաններ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր հարազատներին: