Վերջին երկու օրերին հասարակական լայն քննարկման առարկա է դարձել ՀՀ քննչական մարմիններում քննվող քրեական գործով որպես տուժող և մեղադրյալ անցնող Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Հայաստանի սահմանը հատելու փաստը։
Միաժամանակ առանձին լրատվամիջոցներ հանդես են եկել խիստ սուբյեկտիվ և կողմնակալ գնահատականներով՝ քննչական մարմնին «մեղադրելով» իր լիազորություններից չբխող գործողություններ չձեռնարկելու մեջ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ պարզաբանում ենք, որ Վահան Մարտիրոսյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների բազմակողմանի քննությունն ապահովելու, կասկածյալի հնարավոր փախուստը կանխելու ուղղությամբ։
Վ.Մարտիրոսյանի առնչությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկը՝ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում, որով նա ներգրավված է որպես տուժող, մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում, որով ներգրավվել է որպես մեղադրյալ։
Քննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում՝ «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ, 01-89-5107, 20.08.2015թ.)։
Այսպես՝ օգոստոսի 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ստացվել է գրավոր հաղորդում՝ Գաջեգործների 22/4 հասցեում Վ.Մարտիրոսյանին և նրա կնոջը ծեծելու վերաբերյալ։ Նախնական քննության արդյունքներով՝ օգոստոսի 19-ին Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ), որոշումներ կայացվել՝ Վ.Մարտիրոսյանին և նրա կնոջը՝ Կարինե Գասպարյանին, տուժող ճանաչելու մասին։ Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ և հետաքննության մարմնի միջոցով ծանուցագրեր են ուղարկվել տուժողներին՝ օգոստոսի 21-ին և 27-ին հարցաքննության ներկայանալու և նրանց հետ, որպես տուժողների, քննչական գործողություններ կատարելու համար։ Վերջիններս հարցաքննության չեն ներկայացել։
Օգոստոսի 28-ին Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժինը ոստիկանության նույն վարչական շրջանի բաժնից ստացել է նյութեր՝ Երևանի Բաղրամյան փողոցի 64 շենքի բնակարաններից մեկից 3820 ԱՄՆ դոլար գողանալու դեպքի վերաբերյալ։ Ըստ բնակարանի սեփականատիրոջ հաղորդման՝ նշված հասցեում գտնվող իր բնակարանում 2015 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 25-ը հյուրընկալվել է Վահան Մարտիրոսյանը՝ իր կնոջ և երեխայի հետ, և նույն ժամանակահատվածում բնակարանից գաղտնի հափշտակել խոշոր չափի գումար։
Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում 28.08.15թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բնակարանի սեփականատերը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։
Քրեական գործով նշանակվել են դատակենսաբանական, դատահետքաբանական և դատաձեռագրաբանական փորձաքննություններ, հարցաքննության հրավիրվել Վ.Մարտիրոսյանի կինը, ով ժամանակ է խնդրել՝ փաստաբանի հետ նախաքննական մարմնին ներկայանալու համար։
Օգոստոսի 31-ին քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության Արաբկիրի բաժնին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարված հանցագործությունը բացահայտելու, ինչպես նաև՝ Վ.Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կ.Գասպարյանի՝ ՀՀ պետական սահմաններից հնարավոր դուրս գալը բացառելու ուղղությամբ։
Ի կատարումն քննիչի բերման ենթարկելու որոշման՝ 2015 թ. սեպտեմբերի 2-ին Վահան Մարտիրոսյանը բերման է ենթարկվել, և քննիչը նրա նկատմամբ, որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։ Վ.Մարտիրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։
Դիտարկվող քրեական գործով նախաքննության ընթացքում Վ.Մարտիրոսյանը և Կ.Գասպարյանը պատշաճ ծանուցվել են ներկայանալ հարցաքննության, սակայն առանց հարգելի պատճառների չեն ներկայացել։ 04.09.15թ. որոշում է կայացվել՝ նրանց նորից բերման ենթարկելու մասին։
Բացի այդ, որոշումներ են կայացվել՝ Վ.Մարտիրոսյանի՝ Գաջեգործների 22/4 տանը խուզարկություն կատարելու, նրա բջջային հեռախոսահամարները վերծանելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություններ ներկայացնել դատարան, որոնք քննարկվել են և բավարարվել դատարանի կողմից։ Խուզարկության կատարումը հանձնարարվել է ոստիկանության Արաբկիրի բաժնին, իսկ վերծանումների տրամադրումը՝ համապատասխան բջջային օպերատորներին։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ սեպտեմբերի 9-ին կայացվել է Վ.Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նշված երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					