«Ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երբեւէ այնպիսի անքակտելի, անանջատելի կապով կապված չի եղել որեւէ մեկի, որեւէ ուժի կամ քաղաքական կազմակերպության հետ, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ ինքնուրույն քաղաքական կուրս իրականացնելու համար»,-այսօր այսպես պատասխանեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողի այն հարցին, թե ԲՀԿ-ն կտրվե՞լ է ՀՀԿ-ից:
Նա վստահեցրեց, թե ինչպիսին էլ լինի ԲՀԿ-ի կուրսը, չի քողարկվում որևէ քաղաքական դիմակով, մարդիկ լավ գիտեն՝ ինչ սպասել ԲՀԿ-ից և ինչ հույսեր կապել այս կուսակցության հետ: «Ինչ որ հնչում է մեր շուրթերից, իրականություն է դառնում, ինչ որ չի հնչում, մեզ մի հրամցրեք»,-ասաց Տ. Ուրիխանյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է ԲՀԿ խոսնակը վերաբերում Լևոն Տեր-Պետրոսյանի այն համեմատությանը, որը նա անցկացրեց Խաչատուր Սուքիասյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, Տիգրան ուրիխանյանը չցանկացավ գնահատականներ հնչեցնել, բայց նշեց. «ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ազատ է տարբեր կարծիքներ հայտնելու, համեմատություններ անելու: Մեզ համար շատ ավելի կարեւոր է հայաստանցիների գնահատականը, որը ընտրությունից ընտրություն տրվում է ԲՀԿ-ին»: