«Հրապարակ» օրաթերթի սեպտեմբերի 17-ի համարում հրապարակված «Անի Զախարյանի բացահայտումը. Պնախարարը կազինո է բացում» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հարկ է նշել հետևյալը.
Առաջին. հանրությանը որպես «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ ներկայացող Անի Զախարյանի անունը հայտնի դարձավ միայն աղջիկներին մինչամուսնական սանձարձակ կյանք քարոզող բարբաջանքներից: Հիմա նա դիմությունից ու ընդիմությունից նեղացած է, որովհետև չընդունվեց նրանց շարքերում, հասարակական նախաձեռնությունների վրա էլ զայրացած է, քանի որ վերջիններս տեսախցիկների առջև նրան դուրս էին շպրտում իրենց կազմակերպած ակցիաներից: Եվ քաղաքական դաշտում լրիվ չոչնչանալու համար, հիմա էլ սկսել է անհեթեթ մեղադրանքներ ներկայացնել պետական այրերին, մասնավորապես` պաշտպանության նախարարին:
Երկրորդ. անընդունելին «Հրապարակ» օրաթերթի պահվածքն է. չի կարելի ոտնատակ տալով լրագրության բոլոր կանոնները, հավաստի լուրի փոխարեն հրապարակել տիկին Զախարյանի` Եվրոպայից եկած ընկերուհու ասածը, ով ընդամենը «վստահ ձևով պնդում է, որ…»: Որոշ լրատվամիջոցներ ժամանակին զերծ չմնացին նման զառանցանքներ հրապարակելուց, բայց շուտով սթափվեցին, որովհետև ակնհայտ դարձավ դրանց պատվեր կամ մտացածին լինելը: Բնականաբար, միակ ելքը մնաց այդ խորհրդավոր «տնտեսական գործունեությունն» արտասահման փոխադրելը, քանի որ ընթերցողը Պրահա չի հասնելու` ստուգելու նման անհեթեթ լուրի հավաստիությունը:
Եվ վերջապես երրորդ` կուսակցություններն ու մամուլը կոչված են վեր հանելու երկրում առկա խնդիրները և առաջարկելու դրանց լուծման ուղիները, այլ ոչ թե մի թեթև թափ տալով հին բամբասանքների վրա նստած փոշին, մարդկանց ուշադրությունը շեղելու այդ խնդիրներից: Ի վերջո, հիմա հարցերի հարցը ականանետային կրակի ներքո սահման պահող զինվորնե՞րն են, թե՞ Անի Զախարյանի ընկերուհին:
Կարելի է մի քանի օրը մեկ հրապարակել տարբեր անհայտ կանանց «վստահ պնդումները», և խաբեությունից ընկնելով ինքնախաբեության մեջ` կարծել, թե կուսակցական ու լրագրական գործունեություն են ծավալել: Բայց դրան Անի Զախարյանից ու «Հրապարակ» օրաթերթից բացի, ո՞վ է հավատալու:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					