Բաքվի հակահայկական քարոզչամեքենան կրկին ակտիվացել է: Այս անգամ այդ առիթն ընձեռել է ՀՀ քաղաքացի հանդիսացող, ինչ-որ նախաձեռնության ղեկավար ներկայացող Վահան Մարտիրոսյանը, ով հայրենիքի դավաճանի կարգավիճակով հայտնվել է Բաքվում և ասուլիսներ է տալիս:

Սույն անձնավորությունը դեռևս 2005 թ.-ից հաշվառված է Ավանի հոգեբուժարանում` «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ:
Բաքվի քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում է Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Հայաստանի սահմանը հատելու փաստը, մեջբերում է հատվածներ դավաճանի բարբաջանքներից։ Փաստը վերջին երկու օրերին լայն քննարկման առարկա է դարձել նաև հայաստանյան ԶԼՄ-ներում, որտեղ Մարտիրոսյանի արարքը և նրա հայտարարությունները միանշանակորեն գնահատվում են որպես դավաճանություն և պետության ու բանակի վարկաբեկմանն ուղղված քայլ:

Հոգեկան խանգարում ունեցող այս անձնավորության հայտարարությունները ընդամենը նոր նյութ են Բաքվի քարոզչամեքենայի համար, և չարժե սնել հակահայ քարոզիչներին ծախու դավաճանի արարքի «գովազդումով» հայկական լրատվամիջոցներում:
Դավաճաններ եղել են բոլոր ժամանակներում և բոլոր ազգերում, որոնք դատապարտված են ստորացուցիչ խարանը կրելու և մոռացության են մատնվում: Մոռանանք ու ջնջենք մեր հիշողությունից նաև այս դավաճանին:

Իսկ Հայը և Հայոց ազգային բանակը մշտապես ի զորու է ջախջախիչ հակահարված տալու մեր սահմանների անառիկությանն ու պետության անվտանգության ապահովմանն ուղղված թշնամու ցանկացած սադրանքի:

Հայկ Վարդանի