Ամբողջ աշխարհում դեռևս շարունակում են ակտիվորեն քննարկվել Դուբայի կառավարիչ շայիխ Մուհամմադ իբն Ռաշիդ ալ-Մաքթումի ավագ որդու՝ 33-ամյա շայիխ Ռաշիդի մահվան իրական հանգամանքները. դեռևս սեպտեմբերի 19-ին տարածված պաշտոնական հայտարարության համաձայն՝ Ռաշիդը մահացել է իր իսկ տանը սրտի կաթվածից: Այնուամենայնիվ, ներկայացվող վարկածը շարունակում է լուրջ տարակուսանքների պատճառ հանդիասանալ առաջին հերթին հենց Դուբայում: Երիտասարդ արքայազնը վարում էր ակտիվ կյանք, զբաղվում էր սպորտով, ձիավարությամբ, և հանկարծակի մահվան հանգամանքը լուրջ թերահավատության տեղիք է տալիս:
Ըստ իրանական որոշ լրատվամիջոցների՝ Դուբայի արքայազնը և նրա հետ ևս շուրջ մեկ տասնյակ դուբայցի զինծառայողներ, սպանվել են Եմենի Մարիբ նահանգում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում՝ ընդդիմադիր հութիական «Անսար Ալլահ» խմբավորման հասցրած հրետանային հարվածների հետևանքով:
Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում առավել ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ արքայազնը մահացել է թմրանյութերի չարաշահման հետևանքով: Բանն այն է, որ շայիխ Ռաշիդը վերջին տարիների ընթացքում մշտապես թմրանյութեր էր օգտագործում, իսկ դրանց չարաշահման հետևանքով անգամ մի քանի անգամ հայտնվել է վերականգնողական կենտրոններում: Հենց այս պատճառով է, որ դեռևս 2008թ. նա զրկվել էր գահաժառանգի տիտղոսից: Իսկ Wikileaks-ի կողմից հրապարակված դիվանագիտական ուղերձներից մեկի համաձայն՝ արքայազնի՝ գահաժառանգի տիտղոսից զրկվելու իրական պատճառն այն է, որ Ռաշիդը թմրանյութերի ազդեցության տակ սպանել է հոր գրասենյակի աշխատակիցներից մեկին:
Նշվում է նաև, որ մահվանը նախորդած մի քանի տարիների ընթացքում արքայազնն սահուն կերպով հեռացել էր աշխարհիկ կյանքից՝ վերածվելով Դուբայի ամենախորհրդավոր ֆիգուրներից մեկին:
Արմեն Պետրոսյան