Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս նորանկախ Հայաստանի առաջին տարիներից, և հատկանշական այն է, որ համագործակցությունն ընթացել է բավականին լայն սպեկտորով` իր մեջ ներառելով և ՛ քաղաքական և ՛ տնտեսական և ՛ ռազմական տիրույթները:
Հայ-չինական երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացումը համարվում է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ կարևորվում է հայ-չինական համագործակցության ամրապնդումը նաև միջազգային կառույցներում:
ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայի և երկիր ներդրումների նոր հոսք ապահովվելու գործում Չինաստանը Հայաստանի համար բացում է նոր պատուհան: Հայաստանից Չինաստան արտահանման կառուցվածքում առաջատար դեր է խաղում հիմնականում հանքանյութի մատակարարումը: Չնաստանից դեպի Հայաստան ներմուծումը առավել դիվերսիֆիկացված է և ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում հագուստ, կոշիկ, մեքենաշինական և քիմիական արտադրանք, շինանյութ, սննդամթերք և այլն:
2011-2014 թթ. ԱՄՀ զեկույցի տվյալներով՝ չինական տնտեսությունն աճել է 24%-ով, իսկ ամերիկյանը` ընդամենը 7,6%-ով, եւ եթե ընթացիկ տարում Չինաստանի ՀՆԱ-ն ավելանալու է 7,5%-ով, ապա ԱՄՆ-ինն ընդամենը 2,8%-ով, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունում տիրող անորոշության պայմաններում Չինաստանի տնտեսությունը 2014թ.-ի վերջին որոշակի անկում էր ապրել:
Ներկայումս նախատեսվում է, որպեսզի խոշոր ֆինանսական միջոցներ ներգրավվեն Հայաստանում որոշակի տնտեսական աշխուժություն ապահովելու ակնկալությամբ: Մասնավորապես՝ նոր ատոմակայանի և Իրան-Հայաստան երկաթգծի կառուցուման ուղղություներով: Այս հանգամանքով է պայմանավորված ՀՀ կառավարության ղեկավարի օրերս կատարված աշխատանքային այցը:
Փաստելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է, Հայաստանի և Չինաստանի վարչապետները բարձր են գնահատել նախագահ Սարգսյանի մարտին կայացած պետական այցը ՉԺՀ, ինչը երկու երկրների բարեկամական հարաբերությունները որակական նոր մակարդակի է բարձրացրել և նոր թափ է հաղորդել հայ-չինական համագործակցության զարգացմանը:
Երկու երկրների վարչապետները կարևորել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի, քաղավիացիայի ոլորտներում հետագա համագործակցության խորացումը, համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Կարելի է նշել, որ Հայաստանը կարող է անդրկովկասյան տարածաշրջանում հանդիսանալ Չինաստանի համար բավականին լուրջ գործընկեր-պետություն, միաժամանակ դառնալով չինական «ներկայացուցիչը» Անդրկովկասում:
Երկու երկրների միջև լայնամաշստաբ համագործակցությունն իր արտացոլումը գտավ, երբ վերջերս Երևանում բացվեց չինական դպրոց: Անհրաժեշտ է նաև նշել, որ Հայաստանում բավականին տարածում է ստացել չինարենի ուսումնասիրությունը: Ընդգծենք. որ հայ և չին ժողովուրդներն ունեն յուրահատուկ հոգեբանական նմանություն. երկու ազգերն էլ խաղաղասեր են և յուրահատուկ մեծ նվիրումով են վերաբերվում աշխատանքին:
Ամփոփելով նշենք, որ իրականում Հայաստանի և Չինաստանի միջև ջերմ հարաբերություներն ու համագործակցության լայն ձևաչափը վկայում են գործակցության նոր մակարդակի մասին:
Արմեն Հովասափյան-Facebook