Ամուսնացած եմ արդեն 3 տարի և «բարեբախտաբար» երեխա չունեմ:
Մոտ 1 ամիս է հայտնվել եմ անչափ «յուրահատուկ» մի իրավիճակում: Յուրահատուկ ամենաբացասական իմաստով:
Ամուսնուս հետ ծանոթացել եմ լողավազանում, որտեղ նա աշխատում էր որպես լողի մարզիչ:

Ծանոթություն, շփում, մտերմություն, ընկերություն, նշանադրություն, ամուսնություն. Ամեն ինչ ինչպես հարկն է:
Ողջ ընթացքում ամուսինս չի դադարել զարմացնել ինձ և լինել ռոմանտիկ, բայց մոտ 3 ամիս առաջ ամեն ինչ սկսեց աստիճանաբար փոխվել: Ռոմանտիզմն ու մնացած դրական բաները սկսեցին վերանալ մեր կյանքից: Հետո փոխվեց նա: Ավելի ճիշտ՝ նրա վերաբերմունքն իմ հանդեպ. միայն ի´մ հանդեպ: Սկզբում մտածում էի, որ թերությունն իմ մեջ է: Փորձեցի շտկել այն, ինչը դրա կարիքը չուներ: Այսինքն դարձա ավելի´ հոգատար, ավելի´ հանդուրժող և ավելի´ կրքոտ: Վերջինը երբեմն օգնում էր, բայց միայն երբեմն և կարճ տևողությամբ:

Շարունակում էի ապրել այդպես՝ իմ մեջ սխալ փնտրելով, երբ մի պայծառ օր, նրա հետ կարճ զրույցի ընթացքում պատահաբար տեղեկացա, որ փոխել է աշխատավայրը: Ամուսինս փոխել էր աշխատավայրը, իսկ ես դրա մասին իմացա պատահաբար և 3 շաբաթ անց: Նա փորձեց համոզել, որ դա սուտ չի, այլ զբաղվածության և մոռացկոտության արդյունք: Իսկ ես փորձեցի ճշտել:

Հետաքննությունս երկար չտևեց: Ընդամենը 2 օր և ես պարզեցի ողջ եղելությունը:
Այն նորաբաց լողավազանի տնօրենը, որտեղ տեղափոխվել էր աշխատելու ամուսինս, պատկանում էր մի 40-ամյա կնոջ, ով իր հերթին հանդիսանում էր ամուսնուս նորաստեղծ սիրուհին, որտեղ տեղափոխվել էր ապրելու ամուսնուս սիրտը… և ոչ միայն սիրտը:
Հեգնական տոնս ձեզ թույլ կտա մտածել, որ ստեղծված իրավիճակն այդքան էլ ծանր չեմ տանում: Իրականում այդպես էլ կա: Ես մի պահ զայրացա, հետո զայրույթս վերածվեց սառնասիրտ հանգստության ու թքեցի ամուսնուս երեսին, հավաքեցի իրերս ու պատրաստվում էի հեռանալ, երբ դռան շեմին հայտնվեց սկեսուրս, ով մյուս տղայի հետ ապրում էր Ամերիկայում և որոշել էր վերադառնալ հայրենիք: Վերադառնալ հենց այն պահին, երբ ես որոշել էի հեռանալ: Ճակատագրի հեգնանք է չէ՞:

Սկեսրոջս հարցին, թե ու՞ր եմ տանում ճամպրուկները, պատասխանեցի, այսինքն ստեցի, իբր ընկերուհուս ճամպրուկներն են, որոնց մեջ վաճառվող հագուստ է, տանում եմ վերադարձնեմ:
Իսկ ստեցի, որովհետև շա~տ եմ սիրում այդ կնոջ: Այո, պատահում է և այնպես, որ հարսը շատ է սիրում սկեսրոջը:
Տիկին Գրետան ամուսնուս հարազատ մայրը չէ, մորաքույրն է, ով խնամակալության է վերցրել քրոջ որդուն 5 տարեկանում, երբ վերջինիս ծնողները մահացել են վթարի ժամանակ: Հարազատ մոր պես սիրել, պահել և մեծացրել է ամուսնուս:

Անբացատրելի բարի, համեստ և լավ մարդ է: Ծանոթության օրվանից ինձ էլ է անչափ սիրում, ես էլ, իհարկե, նրան: Ստելուս պատճառն այն էր, որ չէի ուզում նրան ցավ պատճառել, բայց ոչ թե նրա համար, որ շատ եմ սիրում, այլ շատ ցավալի պատճառով:

Տիկին Գրետան սրտի անբուժելի հիվանդություն ունի և նրան կտրականապես արգելված են ստրեսները:

Ինչպես սկզբում նշեցի: Հայտնվել եմ անչափ յուրահատուկ իրավիճակում: Խղճում եմ տիկին Գրետային ու ստիպված շարունակում եմ ապրել նախկին կյանքով: Իսկ ամենավատն այն է, որ ամուսինս օգտվում է դրանից: