Ինչպես տեղեկացրել ենք, Արմավիրի մարզի գյուղերում (Գեղակերտ, Ծաղկալանջ) գյուղացիները ստիպված են մեծ քանակությամբ վարունգը նետել աղբը, քանի որ ունեն իրացման խնդիր: Մասնավորապես Գետաշենում օրեր առաջ 50 տոննա վարունգ են նետել աղբը, իսկ Ծաղկալանջի գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ մարդիկ նույնիսկ չեն էլ հավաքում բերքը, այլ ուղղակի թողնում են հողի մեջ:
Մեզ հայտնում էին նաև, որ իրենք դիմել են թե՛ մարզպետարան, թե՛ Գյուղատնտեսության նախարարություն, սակայն գործնական քայլեր այդպես էլ չեն իրականացվել: Գյուղացիների կրած մեծ կորուստների մասին YerevanNews.am-ը պարզաբանում ստացավ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից: Փոխնախարարն ասաց.
- Մենք պայմանավորվածություն ունենք վերամշակողների հետ, որոնք, հաշվի առնելով առկա ծավալները, ավել են մթերում: Ինչպես նաև արդեն պայմանավորվել էինք, որ եթե ցանկացողներ լինեն, գյուղմթերքի լրացուցիչ տեղեր կհատկացնենք:
Երկու նախադասություն, երեք տող, որոնք պետք է լուծում տան բազմաթիվ մարդկանց խնդիրներին: Ինչևէ, հուսանք, որ գոնե հնարավոր կլինի փրկել այն, ինչ մնացել է ստացված բերքից:
Իսկ այն մեծածավալ բերքը, որն արդեն փչացել է և աղբանոցում է... հարց է առաջանում, թե ո՞վ է պատասխան տալու գյուղացիների կրած վնասների համար: Գյուղատնտեսության նախարարությունը գործում է ջայլամային ռազմավարությամբ. գլուխը ավազների մեջ թաքցնելով խույս են տալիս բուն խնդրից:
Դրսևորելով ադեկվատություն նշենք. բնական է, որ մարդը, ով ունի նման ֆինանսական միջոցներ չպետք է անհանգստանա սովորական գյուղացու 2 մլն դրամ արժողությամբ վարկի մասին: