«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում սեպտեմբերի 25-27-ին տեղի ունենալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին։
Երեկ մեր թղթակիցը Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանին խնդրել է հաստատել կամ հերքել սույն տեղեկությունը։ Նա պատասխանել է. «Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Նյու Յորքում հնարավոր է տեղի ունենա Սարգսյան-Ալիև հանդիպում, թեպետ ադրբեջանական կողմը առայժմ որևէ հայտարարություն չի արել Ալիևի Նյու Յորք գնալու կամ չգնալու մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս ընթացքում ջանք չէին խնայում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու համար։ Նման մակարդակով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2014թ. հոկտեմբերի 27-ին, Փարիզում. Ֆրանսիայի նախագահ Օլանդի միջնորդությամբ։ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին հույս էր հայտնել, որ Սարգսյանն ու Ալիևը կհամաձայնեն հանդիպել մինչև տարեվերջ, թեև, քաղաքագետների կանխատեսումներով, Ալիևը դժվար թե ԱՄՆ գնա»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: