ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. սեպտեմբերի 21-ին Ս.Հակոբյանից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը Աբովյան փողոցում անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ս.Հակոբյանի հիվանդության պատմագրի համաձայն` վերջինի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի փակ կոտրվածք, 8-րդ կողի կոտրվածք, պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա աջից»:

Դեպքի առթիվ 2015թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել է տուժողը, ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Քննության արդյունքներով՝ 2015թ. սեպտեմբերի 23-ին հիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ` 1978թ. ծնված Արարատ Գրիգորյանը, 1984թ. ծնված Հակոբ Պետրոսյանը և 1979թ. ծնված Արմեն Սարգսյանը, ովքեր նույն օրը ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:

Նշենք, որ երեկ ոստիկանության կենտրոնականի բաժին էր բերման ենթարկվել երեք անձ` ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով, YerevanNews.am-ին ասացին ոստիկանության մամուլի ծառայությունից: