Հադրութի զորամասերից մեկում կանոնագրքային հարաբերությունների խախտման և դրանց հետևանքով զինծառայող Էդվարդ Ալավերդյանի մահվան դեպքի գործն ի սկզբանե սխալ որակմամբ է գնացել դատարան: Տուժող կողմը գտնում է, որ, մասնավորապես, ինքնասպանության հասցնելու որակումը սխալ է՝ հակված է հավատալ սպանության վարկածին:
Տուժողի իրավահաջորդ Սեմյոն Ալավերդյանի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը գտնում է, որ գործի քննության ընթացքում «փաստեր են կոծկվել ու խնդիրներ կան»: Մասնավորապես, զինծառայողի մահվան հաջորդ օրը՝ 2011թ. հուլիսի 30-ին, քննիչ Հ.Հայրապետյանը որոշում է կայացրել դատահետքաբանական ու դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն որոշումն ու ինքնաձիգը փորձագիտական կենտրոնը ստացել է միայն հոկտեմբերի 17-ին: Եզրակացությամբ ակնհայտ երևում է, որ ինքնաձիգի վրա որևէ մատնահետք չի հայտնաբերվել: Տուժող կողմի միջնորդությամբ հարցաքննված փորձագետը ցուցմունք է տվել առ այն, որ մատնահետքերը չէին էլ կարող պահպանվել՝ դրանք կարող են պահպանվել մինչև 1 ամիս, մինչդեռ տվյալ դեպքում զենքը փորձագետներին է հասել միայն երկուսուկես ամիս անց: «Իհարկե, տուժող կողմի մոտ սա արդեն շատ լուրջ կասկածներ է հարուցում, տուժողի հարազատները գտնում են, որ հնարավոր է, հանցագործությունն այլ մարդիկ կատարած լինեն և հատուկ չեն ներկայացրել զենքը փորձագետներին, որպեսզի հետքերը կորեն»,- նշեց Ի.Պետրոսյանը:
Տուժող կողմը միջնորդել է դատարան հրավիրել ու հարցաքննել քննիչ Հ.Հայրապետյանին, սակայն պարզվել է, որ նա «դուրս է եկել համակարգից» և մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ ուսումը շարունակելու: Տուժող կողմը միջնորդել է դատարան հրավիրել վարույթն իրականացնող այլ քննիչի՝ գործով նախաքննությունն ընդհանուր առմամբ իրականացրել են, «քրեական գործը մեկը մյուսին անընդհատ փոխանցել են» 5 քննիչներ: Դատարանը հրապարակել է մի փաստաթուղթ, ըստ որի սեպտեմբեր ամսին գործը վարույթ է ընդունել քննիչ Գրիգորյանը, ըստ այդմ, տուժող կողմը միջնորդել է դատարան հրավիրել վերջինիս:
Մահացած զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչը նաև հարցում է կատարել ԼՂՀ ռազմական ոստիկանություն, որտեղից կողմին պատասխանել էին, որ դեպքի օրը իրենց մոտ են տարվել շարքային 7 զինծառայողներ: Վերջին տողում նշված էր շարքային Սեդրակ Գևորգյանի անունը, նա մարտական դիրքից տարվել է ռազմական ոստիկանություն այն դեպքում, որ հուլիսի 1-ին նա, ըստ գործի նյութերի ու նրա դատաքննական ցուցմունքի, արդեն զորացրված էր և շարքային զինծառայող չէր հանդիսանում: Նախաքննության ընթացքում Ս.Գևորգյանի նկատմամբ համաներում է կիրառվել, և նա այն անձանցից էր, ով ի սկզբանե ճնշումներ էր սկսել տուժողի նկատմամբ: «Հենց սկզբից էլ ակնարկներ էին հասել տուժող կողմին, որ իրենց տղայի մահվան ու սպանության մեջ մեղավոր են 2 զինծառայող և 1 քաղաքացիական անձ: Ակնհայտ է, որ Սեդրակ Գևորգյանը, լինելով քաղաքացիական անձ, ըստ ԼՂՀ ՌՈ այդ պատասխանի, մարտական դիրքից բերման է ենթարկվել ՌՈ վարչություն և 10 օր այնտեղ պահվել»,- ասաց կողմի ներկայացուցիչը՝ հավելելով, որ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը Ս.Գևորգյանին լրացուցիչ հարցաքննելու մասին: Դատարանը բավարարել է նաև տուժող կողմի միջնորդությունը դիրքի ավագ Ռոբերտ Վարդանյանին (նա գործի քննության շրջանակներում ծառայողական քննության ընթացքում հեռացվել է համակարգից, չի աշխատում) հարցաքննելու մասին՝ նա ընդհանրապես չի հարցաքննվել որպես վկա, թեև, ըստ գործի նյութերի ու հարցաքննված անձանց ցուցմունքների, առաջինն է եղել դեպքի վայրում: Բացի այդ, ըստ գործի նյութերի, նա վկաներից մեկի՝ Կարեն Հակոբյանի, նկատմամբ ճնշումներ է գործադրել, ծեծել է: Այդ մարմնական վնասվածքներն արտացոլված են փորձագիտական եզրակացության մեջ: «Մարտական դիրքում գտնված գործով մեկ վկայի նկատմամբ նա ճնշումներ է գործադրել և այնուհետև նա գործից ուղղակի հանվել է, չի դատակոչվել ու չի հարցաքննվել: Ի դեպ, Կարեն Հակոբյանը չի ներկայացել դատարան, քանի որ հոգեկան հիվանդություն է ստացել: Դատարանում կհարցաքննվի նաև վկա, շարքային, դեպքի ժամանակ մարտական դիրքում գտնված Վարդան Մելքոնյանը, ով նախաքննության ընթացքում, ի տարբերություն Ռոբերտ Վարդանյանի, հարցաքննվել է, սակայն չի դատակոչվել դատարան:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ, ապրիլի 19-ի դատական նիստում հիշյալ վկաները կհարցաքննվեն: Դատարանը նաև հարցում կկատարի՝ պարզելու, թե ինչից ելնելով է զենքը երկուսուկեսամսյա ուշացումով ներկայացվել փորձաքննության:
Ժամկետային զինծառայող Սահակ Ասլիբեկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորադասության հարաբերությունների դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, և 182-րդ հոդվածի առաջին մասով՝ Շորթումը: Ջոկի հրամանատար Ալիկ Հակոբջանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի առաջին մասով՝ Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2011թ. հունիսի 17-ից մինչև հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, Ս. Ասլիբեկյանը պարբերաբար վիճաբանել և ապտակել է ծառայակից Էդվարդ Ալավերդյանին՝ սպառնալով, որ զորամասում այլ զինծառայողների մոտ Ալավերդյանի մասին արատավորող, նրա իրավունքների, օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ կհայտնի, բռնության գործադրման սպառնալիքով պահանջել է մարտական հերթապահությունից հետո զորամասում իրեն տալ 50000 ՀՀ դրամ գումար: Դրա հետևանքով Էդվարդ Ալավերդյանը, գտնվելով խիստ ընկճված հոգեվիճակում, 2011թ. հուլիսի 29-ին, ժամը 06.45-ի սահմաններում զորամասի մարտական դիրքում ինքնասպանություն է գործել` իրեն ամրակցված ինքնաձիգով կրակել է կզակային շրջանին և հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք ստանալով մահացել է:
Իսկ ջոկի հրամանատար Ալիկ Հակոբջանյանը, ըստ մեղադրական եզրակացության, դրսևորել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք. նկատելով, որ Սահակ Ասլիբեկյանի փոխարեն զինծառայության հետ կապված առանձին պարտականությունները կատարում է շարքային Էդվարդ Ալավերդյանը, սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել այդ արատավոր երևույթը վերացնելու ուղղությամբ, տեղյակ չի պահել վերադաս հրամանատարությանը: Առաջադրված մեղադրանքներում Ս. Ասլիբեկյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ Ա. Հակոբջանյանն իրեն մեղավոր է ճանաչել լիովին: