«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սմբատ Հակոբյանին ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով: Վերջինս պարտքեր է ունեցել, և երբ զանգահարել են՝ պարտքն ուզելու համար, Հակոբյանը հայհոյել է զանգահարողի մորը, ինչն էլ պատճառ է դարձել դաժան հաշվեհարդարի և այն ազատամարտիկները, որոնք համառ ջանքերով տեղի ունեցածը համարում էին քաղաքական հաշվեհարդար, այս քանի օրն «անհետացել» են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջիններս հավաքվել են իրար «գլխի», քննարկել են տեղի ունեցածը, իմացել՝ ով և ինչի համար են ծեծել ազատամարտիկին, այդ իսկ պատճառով ձայն չեն հանում:
Երեկ «Ժողովուրդ»-ին վերջապես հաջողվել է կապ հաստատել ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի հետ:
- Պարո՛ն Պետրոսյան, Դուք տեղյա՞կ եք՝ իրականում ինչի համար են ծեծել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին:
- Ես գիտեմ, որ քաղաղաքական դաշտ տեղափոխվելուց հետո են խոսակցությունները լինում: Ասում է՝ միշտ զգուշացրել են, որ հեռու մնա, ծեծել են: Մեզ ինչի համար էին քաշքշում՝ ինձ, «Արաբոյի» Մանվելին, կամ հետո Սուրիկին ծեծեցին, հետո պատգամավորի են ծեծում: Ամբողջ խնդիրը մեր քաղաքական կեցվածքի համար է: Այսինքն՝ մենք որ հանդուրժեցինք, հանդուրժելու արդյունքը սա է: Շարունակությունը տեսնում ենք: Ինչ դաշտ փորձեն տանել, մենք հասկանում ենք: Բնական է՝ մարդուն ամեն ինչ անում են քաղաքական կեցվածքի համար:
- Ինչո՞ւ է Սմբատ Հակոբյանն այժմ հրաժարվում Ռուբեն Հայրապետյանի անունը տալ:
- Այդ մարդը միշտ էլ ասել է՝ Տիգրան կոչեցյալին ինքը տեսել է այդ մարդու թիկնազորում: Ինքը դրանից, հաստատ գիտեմ, որ չի հրաժարվում, որովհետև այդ մարդն ասում է՝ նրան է տեսել: Ուրիշ խնդիր է, որ ուրիշ Տիգրան են բերել, ներկայացրել: Հիմա այդ մարդը ասում է՝ իմ տեսած Տիգրանը չէ, ում մասին եղել է խոսքը:
- Տեղեկություններ կան, որ Ս. Հակոբյանին ծեծի են ենթարկել անձնական խնդիրների պատճառով, քանի որ նա հայհոյել է:
- Ում հայհոյել են, թող այդ մարդը հայտարարի, որ ինձ հայհոյել են, ես էլ ծեծել եմ: Այդ հայհոյողը որ չի երևում: Ով որ հայհոյելու մասին ասել է, իրան հարցրեք:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: