Ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 24-ի երեկոյան աշխատանքային այցելությամբ Նյու Յորք ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդյոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Այդ մասին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.
«Լուրջ զրույց ենք ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանի հետ, թե ինչպես վարվել բռնության վերջին դեպքի, հատկապես՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի փաստի հետ»,- գրել է Ուորլիքը։
Նշենք նաև, որ Ջեյմս Ուորլիքն արձագանքել է երեկ Հայաստանի սահմանամերձ գյուղերում ստեղծված լարված իրավիճակին, գրելով՝ «Համանախագահները կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ նոր բռնությունների առնչությամբ` կոչ անելով վերջ դնել հարձակումներին ու պատասխաններին»։