«Հակառակորդն այս անգամ էլ միջպետական հանդիպումից, տվյալ դեպքում՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ ակտիվություն ցուցաբերեց՝ կարծելով, թե դա բանակցությունների վրա ազդելու եւ մեզ խեղճացած պահելու միջոց է: Բայց հայկական կողմի համարժեք պատասխանի արդյունքում Ալիևը կրկին մռութները կախ մնաց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար և Բերդավան համայնքների ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքին, ինչի հետեւանքով զոհվեց 3 քաղաքացիական անձ:

Արշակ Զաքարյանն անդրադառնալով երեկ զոհված չորս զինվորներին, ասաց, որ «Զոհված նորակոչիկները դիրքերում չեն եղել»։

«Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանն ասում է, որ պատերազմը միշտ շարունակվել է, որոշակի ժամանակահատվածում՝ ակտիվ կամ պասիվ:
«Հիմա գյուղացիները այնքան են սովորել այդ կրակոցներին, որ երբ ավտոմատից են կրակում, գյուղացիները դա համարում են խաղաղ իրավիճակ: Մենք ունենք առաջին գծի սահմանապահ գյուղեր, որոնք առաջնագծում են, իսկ այդ կրակոցները հիմա հասել են Բերդավան և այլն»,- նշեց նա:

Միջազգային կառույցներից համարժեք արձագանք սպասելն անիմաստ է»,-կարծում է «Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանը:

«Եթե ավտոմատներից են կրակում, ասում են` գյուղում խաղաղ է, որովհետեւ դա սովորական երեւույթ է: Իրականում սահմանամերձ գյուղում պատերազմի չի ավարտվում»,-ասաց Արման Հայրապետյանը: Որպես միջազգային կառույցների կողմնակալ մոտեցման օրինակ նա պատմեց, որ նախորդ տարի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները եղել են Չինարիում, որպեսզի գյուղացիները կարողանան ցորենի դաշտը հնձել. «Հակառակորդը կրակել է կոմբայնի վրա՝ վնասելով նաեւ Կարմիր խաչի ավտոմեքենան: Կառույցի ներկայացուցիչը հայտարարեց, որ երկուստեք կրակոցների հետեւանքով իրենց մեքենան լքեց տարածքը…Խոսեցի ներկայացուցիչների հետ՝ ցանկանալով հասկանալ՝ իրենց ավտոմեքենայի վրա հո մեր կոմբայնո՞վ չեն կրակել…»,-հավելեց Հայրապետյանը: