Խորվաթիայի Պորեչ քաղաքում սեպտեմբերի 21-ից մեկնարկել է 8-18 տարեկան պատանիների և աղջիկների՝ շախմատի Եվրոպայի հոբելյանական՝ 25-րդ առաջնությունը, որի 6 տարիքային խմբերում ընդհանուր առմամբ 41 երկրի 838 մարզիկ՝ 354 շախմատիստուհի, 484 շախմատիստ է հանդես գալիս: Սովորականի նման ստուգատեսին ներկայացուցչական կազմով է մասնակցում Հայաստանը, որն այս անգամ 24 պատվիրակ ունի՝ 16 շախմատիստ ու 8 շախմատիստուհի: Ինչպես արդեն հայտնել ենք, մեր պատվիրակները հիմնականում հաջող են մեկնարկել, և նրանցից մի քանիսն առաջատարների խմբում են ու հավակնում են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: Այսպես, երեկ կայացած 5-րդ տուրում իրենց հաղթարշավը շարունակեցին մինչև 8 և մինչև 12 տարեկանների խմբերում հանդես եկող երևանցի Ռոբերտ Փիլիպոսյանն ու գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը, ովքեր ստուգատեսում իրենց 5-րդ անընդմեջ հաղթնակնները տոնեցին: Նրանք առաջ են շարժվում չեմպոինական գրաֆիկով: Առաջին անգամ նման պատասխանատու ստուգատեսի մասնակցող Ռոբերտը 5–րդ տուրում սևերով պարտության մատնեց ադրբեջանցի Ռեադ Սամադովին: Նկատենք, որ Մամիկոն Ղարիբյանը բավական մոտ է իր անցյալ տարվա հաջողությունը կրկնելուն: Հիշեցնենք, որ 2014թ.-ին նա արդեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին նվաճել էր մինչև 10 տարեկանների մրցաշարում: Իսկ ահա անցյալ տարի Մ14 տարեկանների խմբում Եվրոպայի փոխչեմպիոն դարձած Արամ Հակոբյանն այս անգամ նպատակ ունի ոսկե մեդալ նվաճել: Նա այժմ 4,5 միավորով գլխավորում է Մ14 խմբի պատանիների մրցաշարային աղյուսակը: Երեկ Մ18 տարեկանների խմբում առաջին 3 տուրերում 3 անընդմեջ հաղթանակներից հետո 2-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց 17-ամյա ստեփանակերտցի միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը, սակայն դա նրան այս անգամ էլ չխանգարեց պահպանելու 1-ին հորիզոնականը: Բայց հիմա արդեն այս խմբում նրա նման 4-ական միավոր են վաստակել ու նրան հետապնդում են ևս 6 շախմատիստ: Աղջիկների մրցաշարին մասնակցող Հայաստանի պատվիրակներից առայժմ լավագույն արդյունք ունեն Մ10 և Մ12 խմբերում 3,5-ական միավոր վաստակած Հասմիկ Քոչինյանն ու 2014թ. Մ10-ի աղջիկների Եվրոպայի փոխչեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, ովքեր առայժմ ընթանում են համապատասխանբար 10-րդ և 11-րդ տեղերում: Սփյուքահայ շախմատիստներից առավել հաջողը շարունակում են հանդես են գալիս աղջիկների Մ10 և Մ16 տարեկանների խմբերում ելույթ ունեցող Ռուսաստանի պատվիրակ Եվա Ստեփանյանն ու Հոլանդիայի ներկայացուցիչ Աննա–Մայա Ղազարյանը: Վերջինս իր տարիքային խաղում 4,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Եվան էլ, ով առաջին 4 տուրերում 4 անընդմեջ հաղթանակ էր տոնել, երեկ առաջին սայթաքումն ունեցավ ու հիմա իր ակտիվում գրանցած 4 միավորով կիսում է 3-9-րդ տեղերը: Շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով ընթացող մրցաշարի հաղթողները հայտնի կդառնան սեպտեմբերի 30-ին՝ եզրափակիչ՝ 9-րդ տուրի ավարտից հետո: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին՝ առաջնությունում հանգստյան օր է, իսկ վաղը՝ սեպտեմբերի 27-ին, տեղի կունենան հերթական՝ 6-րդ տուրի հանդիպումները:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: