«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ բարձրաձայնելով սահմանային լարվածության մասին։ Նամակում մասնավորապես ասվում է.

«Ն. Գ. պարոն Ջեյմս Ուորլիք,
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ
Մեծարգո պարոն Դեսպան,

Ես չեմ կարող իմ մտահոգությունը և վրդովմունքը չարտահայտել, մեզ համար այս դժվարին օրերին, Ձեր` ծայրաստիճան զգուշավորությամբ կատարված և Հայաստանի ու Ադրբեջանի պահվածքի միջև հավասարություն դնող ուղերձների և հայտարարությունների վերաբերյալ, որոնցում ակնհայտորեն անտեսվում է Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի խաղաղ բնակչության ակնհայտ հրետակոծությունը, որն ընդգրկել է գրեթե ամբողջ հյուսիս-արևելյան սահմանային բնակավայրերը:

Դրա հետևանքով, ցավոք, զոհվել են 3 հայ կանայք և վիրավորվել 4 խաղաղ բնակիչներ, իսկ Լեռնային Ղարաբաղում զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծության հետևանքով զոհվել են 4 զինծառայող և ևս 16-ը վիրավորվել:

Համոզված եմ, որ անհնար է նպաստել զինադադարին, առավել ևս խաղաղության հաստատմանը առանց Ձեր և Մինսկի խմբի կողմից, ադրբեջանական ագրեսիային և խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական պատերազմական գործողություններին անաչառ և համարժեք գնահատականներ տալու:

Մինչդեռ այդ գնահատականի և համարժեք արձագանքի բացակայությունն ագրեսորի կողմից ընկալվում է որպես լուռ համաձայնություն՝ իր անպատիժ և սանձարձակ պատերազմական գործողություններին, ինչն էլ ուղեկցվում է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ և սանձարձակ հռետորաբանությամբ, որը չի նպաստում կայուն զինադադարի հաստատամանը և չի բխում իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորություններից: Իսկ այդ ամենը կարող է հանգեցնել նոր` անխուսափելի պատերազմի և ամբողջ տարածաշրջանի՝ առանց այն էլ փխրուն կայունության խաթարման:

Հավատացած եղեք, որ այս իրավիճակը մտահոգում է թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու և վստահեցնում ենք, որ մենք կողմնակից ենք խնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հաշվի առնելով, որ այս պարագայում իր պատասխանատվության բաժինն ունի նաև Մինսկի խումբը, ուստի, ակնկալում ենք Ձեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անաչառ և գործուն մասնակցությունն այդքան անհրաժեշտ կայուն զինադադարի և խաղաղության հաստատման գործընթացում:

Հարգանքներով` Խաչատուր Քոքոբելյան, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր»։