Երեկ Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ կայացավ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում կաշառքի գործով դատական քննության հերթական նիստը: Նիստի ժամանակ հարցաքննվեց մեղադրյալ Արայիկ Ֆահրադյանը: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը նիստի հենց սկզբում հիշեցրեց մեղադրյալին, որ վերջինս իրավունք ունի հրաժարվել ցուցմունք տալուց և չպատասխանել իրեն ուղղված հարցերին, որից հետո Ա.Ֆահրադյանը դատարանի դահլիճում տվեց իր ցուցմունքը:
Ցուցմունքի հենց սկզբում Ֆահրադյանը հայտնեց, որ մեղադրյալ Խաչիկ Ազիզյանին ճանաչել է իր ընկեր Գասպար Մելքոնյանի միջոցով, ով առաջարկել իր կնոջ որդու` Էդուարդ Բարբարյանի նկարները ցույց տալ Ազիզյանին:
«Առաջին անգամ նկարները նայելուց հետո, Ազիզյանն ասաց, որ դեռ պարապելու տեղ ունի, երկրորդ անգամ ասաց, որ ժամանակ չունի: Հաջորդ անգամ երբ նայեց և մենք էլ խոսեցինք անվճարի մասին, Ազիզյանը քմծիծաղ տվեց և ասաց, որ դա հնարավոր է միայն գումարի միջոցով: Նույն օրը գումարի չափը չասաց, որոշ ժամանակ անց ասաց 4000 ԱՄՆ դոլար: Սակայն Արմինեն ասաց, որ այդքան գումար չի կարող տալ, իսկ Ազիզյանն ասաց, որ գոնե 3500 ԱՄՆ դոլար»,-ավելացրեց Ֆահրադյանը: Ապա նշեց, որ սրանից հետո գումարը կնոջ հետ տարել է Ազիզյանի մոտ, սակայն ինքն անձամբ իմտվել, քանի որ կնոջ հետ վիճաբանության մեջ է եղել և մինչև վերջին պահը համաձայն չի եղել գումար տալու գաղափարի հետ: Իսկ երբ արդեն հայտնի է դարձել, որ Էդուարդը պետպատվերով չի ընդունվել Գեղարվեստի ակադեմիա, Ա.Ենոքյանն ասել է Ֆահրադյանին, որպեսզի գումարը հետ վերցնի Ազիզյանից, սակայն Ֆահրադյանն ասել է, որ գումարը Արմինեն է տվել, ինքն էլ պետք է վերցնի: Իսկ Արմինեն ասել է, որ իր ծանոթն է, ինքն էլ թող գնա վերցնի:
Այս ընթացքում դեպքի հետևանքով վերոնշյալների ընտանիքում վիճաբանություն է եղել: Եվ սրա մասին ասելով Ազիզյանին` Ֆահրադյանը խնդրել է գումարը ետ տալ և անգամ հայտնել է, որ կինը ցանկանում է ոստիկանություն դիմել: Հանդիպման մասին պայմանավորվելիս` Ազիզյանը նախապես ասել է, որպեսզի Ֆահրադյանն իր հետ Ենոքյանին չբերի, սակայն Ֆահրադյանը գնացել է հանդիպման` Ենոքյանի ուղեկցությամբ: «Այս հանդիպման ժամանակ էլ Ազիզյանը հերքեց այն փաստը, որ մենք նրա հետ խոսել ենք անվճար համակարգով սովորելու մասին: Եվ այս պահին Արմինեն բորբոքվեց, ասաց, որ տարիքով մարդ է, ինչպես է կարողանում նման կերպ խաբել մարդկանց»,-ասաց Ֆահրադյանը: Ցուցմունքի ավարտից հետո Ազիզյանը հարց ուղղեց Ֆահրադյանին, որ երբ վերջինս զանգել էր գումարը ետ վերցնելու մասին խոսելու, չէր նշել նաև գումարի չափը, որին Ֆահրադյանը պատասխանեց, որ նա գումարի քանակի մասին ոչինչ չի ասել և մտածել է, որ Ազիզյանը չունի պահանջվող գումարը, որից ելնելով ասել է, որ մնացածը թող մնա մոտը, որպես երախտագիտություն Բարբարյանի ընդունվելու համար:
Սա իմանալով` Ենոքյանն ասել է, որ գնա գումարի հետևից, և որ հարցը ոչ թե մնացած 1000 դոլարն է, այլ խաբված լինելու հանգամանքը: Իսկ Ֆահրադյանը ասել է, որ գումարը վերցնելու դեպքում, ակադեմիայում Էդուարդի նկատմամբ դասախոսները վատ վերաբերմունք կցուցաբերեն, և վիճակն ավելի կբարդանա: «Երբ Արմինեն ցանկանում էր գնալ ոստիկանություն, ես մերժեցի և չէի ցանկանում գնալ, սակայն զոքանչս ինձ ասաց, որ ամուսինն եմ և պարտավոր եմ գնալ: Եվ Արմինեն ինձ ստիպողաբար տարավ ցուցմունք տալու: Այստեղ սկզբում ինձ ասացին, որ ես պարզապես վկա եմ և վախենալու ոչինչ չունեմ, իսկ հետո պարզ դարձավ, որ ես նույնպես մեղադրյալ եմ: Նախաքննության ժամանակ ես չեմ ասել քննիչին որոշ հանգամանքներ` ելնելով հենց այն բանից, որ ինձ ասացին` ես վկա եմ և վախենալու պատճառ չունեմ», խոստովանեց Ֆահրադյանը:
Այս ամենից հետո դատախազ Գրիգորյանը նկատեց էական հակասություններ նախաքննությանն ու դատաքննությանը Ֆահրադյանի տված ցուցմունքներում: Այդ հակասություններից է այն, որ նախաքննությանը Ֆահրադյանն ասել է,որ Ազիզյանը գումարի չափի մասին ասել է ավելի ուշ` մի քանի օր անց զանգահարելուց հետո, իսկ դատաքննությանը նշեց, որ Ազիզյանը գումարի չափն ասել է հենց տեղում: Նախաքննությանը նաև նշել է խարհրդակցել արտահայտությունը` ասված Ազիզյանի կողմից, իսկ դատաքննությանը ասաց, որ խորհրդակցելու մասին ընդհանրապես խոսք չի եղել: Էական հակասություն է նաև այն, որ ողջ նախաքնությանը, նախքան իմանալը, որ ինքն էլ է մեղադրյալ, Ֆահրադյանը ողջ ընթացքում ասել է, որ ամեն ինչ արել են ինքն ու իր կինը և որ ողջ ընթացքում իմքը կնոջ հետ է եղել: Իմանալուց հետո, որ ինքն էլ է ամաբաստանյալ համարվում, Ֆահրադյանն ասել է, որ նա համաձայն չի եղել գումար տալու գաղափարի հետ, ինչը հաստատեց նաև դատարանի դահլիճում: Իսկ վերջում մեղադրյալ Արայիկ Ֆահրադյանը հայտնեց, որ դատարանում տված իր ցուցմունքն է ճիշտը և ինքն այլևս ստելու պատճառ չունի:
Գործի դատաքննության հաջորդ նիստը կկայանա ապրիլի 19-ին, որի ընթացքում կհարցաքննվի Գեղարվեստի ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանը:
Տաթև Հարությունյան