Երեկ Ազատության հրապարակում սահմանային լարվածությամբ մտահոգ երիտասարդներ էին հավաքվել, ովքեր ցանկանում էին քննարկել հայկական դիրքեր բարձրանալու և սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնելու հարցերը:
«Շտապ հավաք» նախաձեռնության անդամ Հայկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավաքի նպատակը հայոց բանակին, սահմանամերձ գյուղերի բնակիչներին աջակցելու տարբերակները քննարկելն է: Նա մասնավորապես ասել է.
«Մենք չենք գնում, Ադրբեջանը գրավենք, պարզապես ուզում ենք մեր փոքր լուման ունենալ սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայրենակիցներին աջակցելու հարցում: Հետագայում շատ լուրջ բան չի սպասվում, այնպես չէ, որ գնալու ենք պատերազմ կամ… Հարկ եղած դեպքում կկանգնենք նաև մեր զինվորի կողքին, եթե մեր նախարարությունը թույլ տա»:
Նախաձեռնության անդամներով հոկտեմբերի 1-ին մեկնելու են սահմանամերձ գյուղեր տեղեկանալու, թե ինչ խնդիրներ, կարիքներ ունեն բնակիչները: