«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված բյուջեն սահմանամերձ որևէ գյուղի խնդիր լուծելու համար փոխանցելու հարցը անհանգստացնում է բոլոր երևանցիներին: Այն նախաձեռնությանը արդեն միացել են բազմաթիվ մարդիկ և պահանջում են հոգալ սահմանամերձ գյուղերի որևէ խնդիր: Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի հետ, ով ասաց.
- Ես կարծում եմ, որ պետք է նախ հասկանալ այդ բյուջեն... Միջոցառումների կազմակերպումը չի սկսվում միջոցառումից երկու օր առաջ և այդ բյուջեն չի ծախսվում միջոցառումից երկու օր առաջ: Այսինքն, արդեն կես տարի առաջ այդ գումարները վճարվել են կամ ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ կատարվել են, հետևաբար ես ուղղակի չեմ պատկերացնում ինչպես դա պետք է արվի... սա առաջին հերթին: Շեշտեմ, որ շատ ուրախ եմ այդ նախաձեռնության համար, ուղղակի խնդիրը փորձեմ իմ տրամաբանությամբ բացատրել:
Երկրորդը. ինչո՞ւ հենց այս վայրկյանին: Միթե՞ մինչև հիմա սահմանում ամենինչ նորմալ էր և հիմա լարվեց, միթե՞ մինչև հիմա մենք ոչ մի հատ զոհ չէինք տվել ու հիմա տվեցինք, միթե՞ խաղաղություն էր մինչև հիմա... չեմ հասկանում ուղղակի, տարամաբանությանս մեջ չի մտնում: Երբ ինչ-որ բան պահանջում ես, դա պետք է այնպիսի հիմքեր ունենա, որոնց դեմ վիճել հնարավոր չլինի պարզապես: Հետևաբար, այո՛, պետք է շատ մեծ միջոցներ հատկացնել սահմանին, բայց միևնույն ժամանակ մյուս կողմին էլ եմ հասկանում, թե ինչու չգնացին այդ քայլին:
Ինձ թվում է ոչ միայն տոնակատարության միջոցները պետք է տրամադրվեն, այլ պետք է պահանջել բոլոր իշխանավորներից պետբյուջեի հարստահարված գումարները վերադարձնել և ուղարկել սահման: Ա՛յ դա, ինձ համար, ավելի ուժեղ հիմք է, քան թե միանգամից արթնանալ ու որոշել, երբ որ միջոցառումը արդեն պատրաստ է: Իմիջայլոց միանգամից ասեմ, որ ես ոչ մի կապ չունեմ այդ միջոցառման հետ: Ես երբեք կապ չեմ ունեցել այդպիսի միջոցառումնրի հետ:
Բայց երկու կողմից փորձում եմ հասկանալ, երկկողմանի մոտենալ հարցին: Հետևաբար, այդ տեսանկյունից չհասկացա. դա պետք է անել միշտ ու պետք է միշտ բոլոր իշխանավորներից պահանջել, այդ բոլոր հեքիաթները, որ պատմվում են այս գումարները այստեղ-այնտեղ... ոչ մեկն էլ հիմար չի, բոլորն էլ տեսնում են ինչպես ենք ապրում մենք և ինչպես են ապրում իշխանավորները: Հետևաբար, թո՛ղ այդ ողջ գումարները վերցնեն բոլորից ու ուղարկեն սահման, ոչ ոք դեմ չէ:
Հնչեցին հայտարարություններ որոշ մարդկանց կողմից, որ իրենց հոնորարը պատրաստ են փոխանցել որևէ սահմանամերձ գյուղի: Ի՞նչ եք կարծում, դա PR քայլ չէ:
- Այդքան PR քայլ չեմ համարում, որքան ինչ-որ էմոցիոնալ պոռթկում: Իսկապես բոլորը ազդվեցին: Ամեն մեկը իր հարազատի պես է տանում ամեն զինվորի կորուստը և կարծում եմ, որ դա էմոցիոնալ, անկեղծ պոռթկում է: Այո՛, ինչո՞ւ ոչ: Բայց հենց այդ բյուջեից գումարը ուղարկելը մի քիչ քննարկելի է...
Սա մի բան է, որ պետք է միշտ արվի, ոչ-թե քնել, արթնանալ ու որոշել, որ մենք այդ տոնը չեն անում:
Ես կողմնակից եմ նրան, որ ոչ մեկը «սիրտ չունի» 10 րոպեանոց հրավառություն դիտելու, երգ ու եղանակ լսելու ամբողջ օրվա ընթացքում, երբ բոլորի սիրտը հերթական անգամ կոտրվել է այդ պատճառով: Իսկապես այդ նախաձեռնության կողմնակիցն եմ երկու ձեռքով, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ դա ոչ միայն քաղաքապետարանից պետք է պահանջել, այլ նաև Ազգային Ժողովից, Կառավարությունից, նախարարություններից... բոլորից է պետք պահանջել, որ բոլորի ուշադրության կենտրոնում լինի սահմանն ու զինվորը: