Զառա Արամյան,
երեկ կարդացի Ձեր գրառում-խնդրանքը սահմանային գյուղերի հարցով մտահոգված բոլոր սահմանային գյուղերի բնակիչներին, ով գրանցված էր այդ գյուղերում, բայց այժմ բնակվում է Երևանում, Էրեբունի-Երևան տոնակատարության բյուջեի հաշվին վերադարձնել իրենց հայրենի բնակավայրերը՝ տեղում իրենց մտահոգությունն ապացուցելու համար, և
սահմանային գյուղերում չգրանցված, բայց սահմանային գյուղերի ճակատագրով՝ Էրեբունի-Երևան տոնակատարությանն ընդառաջ միշտ մտահոգվողներին, նույնպես տոնակատարության բյուջեի հաշվին վերաբնակեցնել սահմանային գյուղերում՝ իրենց ապահովելով համապատասխան կացարանով և շարժական գույքով:
Երևի թե Ձեզ ոչինչ էլ չէի գրի, եթե չիմանայի, թե սահմանամերձ գյուղերում բնակվող կամ ինչ-ինչ պատճառներով այս պահին սահմանամերձ գյուղերում չբնակվող մարդկանց ինչպես եք վիրավորել Ձեր գրառմամբ:
Մի քանի հարց ունեմ Ձեզ.
Քանի՞ անգամ եք եղել սահմանամերձ գյուղերում, քանի՞ օր եք լուսացրել գնդակոծության տակ, համեմատաբար ապահով, բայց շատ անհարմար թաքստոցում:
Քանի՞ անգամ եք գիշերն արթնացել շակալների ոռնոցից ու շների հաչոցից և ուրախացել, որ արթնացել եք շակալների ոռնոցից ու շների հաչոցից, այլ ոչ թե հերթական գնդակոծության ձայներից:
Գիտե՞ք՝ գնդակոծությունների ժամանակ Երևանում սովորող քանի ուսանող է, այդ թվում և աղջիկներ, դասերը թողած վերադառնում հարազատ գյուղ` իր ծնողների կողքին լինելու՝ ապահով Երևանում մնալու փոխարեն:
Գիտե՞ք՝ այնտեղ քանի ծնող է իր երեխային մանկապարտեզ ու դպրոց տանում կամ ուղարկում թշնամու դիրքի դիմաց:
Գիտե՞ք՝ սահմանամերձ գյուղերի մանկապարտեզների, դպրոցների պատերին քանի ականի բեկորի կամ փամփուշտի տեղ կա, ու քանիսն են ավելանում ամեն օր:
Գիտե՞ք, որ թշնամու կրակի պատճառով այրվող տունը գյուղացիները թշնամու կրակի տակ դույլերով ջրերով են մարում, որովհետև հրշեջ մեքենա չի կարող մոտենալ:
Գիտե՞ք, որ մարդիկ լքում են գյուղերը ոչ թե թշնամու կրակոցների, այլ աշխատանք չլինելու պատճառով, որ պատրաստ են մնալ ու աշխատել թշնամու կրակոցների տակ, միայն աշխատատեղ լինի:
Գիտե՞ք՝ թշնամու կրակոցների պատճառով մարդկանց համար ինչ դժվար է ցանած ցորենի արտը հնձել, ինչ դժվար է կրակոցերի տակով այդ ցորենը կամ քաղած խաղողն այլ տեղ տանել վաճառելու:
Ես Ձեր նման ապրում եմ Երևանում, բայց արդեն քանի տարի պարբերաբար լինում եմ սահմանամերձ գյուղերում: Լինում եմ կրակոցներից առաջ, կրակոցներից հետո և կրակոցների ժամանակ: Լինում եմ այնտեղ մարդկանց ինչ-որ չնչին բանով օգնելու հույսով, թշնամու կրակոցներն «իրենց հետ կիսելու համար»:
Այո, ես ապրում եմ Երևանում, բայց ես մշեցի եմ ու սիրով կվերադառնամ իմ Մուշը` առանց Էրեբունի-Երևան կամ այլ տոնակատարության գումար դրա համար հատկացնելու առաջին իսկ հնարավորության դեպքում: Չգիտեմ՝ Դուք երևանցի՞ եք, Երևանո՞ւմ եք ծնվել ու մեծացել, որ ուրիշներին ուզում եք ուղարկել հարազատ գյուղեր:
Կեզրափակեմ մի փոքրիկ պատմությամբ. մոտ մեկ ամիս առաջ, երբ թշնամին կրկին ակտիվ գնդակոծում էր մեր սահմանամերձ գյուղերը, և ես դեռ չէի կարողացել գնալ ու իրենց կողքին լինել, սահմանամերձ գյուղերից մեկում ապրող աղջիկներից մեկին գրեցի. «Կներեք, որ հիմա ձեր կողքին չեմ, որ դուք քնելու եք գնդակոծության տակ, իսկ ես` ապահով Երևանում»:
Գիտե՞ք՝ ինքն ինչ պատասխանեց: Ասաց. «Ես ինձ ավելի անհանգիստ կզգայի, եթե հիմա դու գնդակոծության տակ լինեիր, դա կնշանակեր, որ գնդակոծությունները հասել են Երևան»...
Մնաք բարյավ և խաղաղությամբ, Զառա Արամյան, Ձեր ապահով Երևանում, որտեղ թշնամու գնդակոծությունները չեն հասնում և չեն լսվում, իսկ ես իմ ապահով Երևանը կտանեմ սահման, իմ Երևանում թշնամու գնդակոծությունները պետք է լսվեն, իմ Երևանը թշնամու գնդակոծությունների ժամանակ պետք է սահմանամերձ գյուղերի կողքին լինի:
Արման Հայրապետյան