Էրեբունի-Երևան տոնակատարությունը որպես այդպիսին կարող է շատ համեստ լինել և իսկապես այն ծախսերը, որոնք հնարավոր է կրճատել, պետք է կրճատել և ուղղել սահամանամերձ տարածքներին և աջակցություն մեր զինծառայողներին, եթե դրա կարիքը կա: Առավել ևս, կան վիրավորներ, ովքեր իսկապես կունենան դրա կարիքը: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
- Թող տոնակատարությունը մնա տոնակատարություն և չափից ավել համեստ լինի, որովհետև մեր նման սոցիալական ծանր պայմաններով երկրում մեզ զարմացնել շատ ճոխ տոնակատարություններով չի լինի: Ժողովուրդը սոված է, խնդիրներ ունենք, պատերազմական իրավիճակի մեջ ենք, սահմանամերձ տարածքներում բավական ռմբակոծումներ են եղել, քաղաքացիներ են մահացել, տներն են վնասվել և այլն... այս ամենը տեղական ինքնակառավարման մարմինները իրենց սուղ պայմաններով չեն կարող լուծել: Ինչ խոսք, լրացուցիչ աջակցություն է պետք:
Այս տեսանկյունից գտնում եմ, որ իսկապես այն մարդիկ, ովքեր իրենց կարծիքներում արտահայտում են, որ պետք է շատ համեստ անել և սահմանափակել այդ ծախսերը ճիշտ են: Ես նույնպես այդպես եմ գտնում: Կողմ եմ, որ իսկապես պետք է այս տարի պարզապես համեստ նշել և ուղղորդել այդ գումարներն ավելի կարևոր տեղեր:
Իսկ որքանո՞վ է դա հնարավոր: Ասում են ամենինչ պլանավորված և «ծախսված» է դեռևս 6 ամիս առաջ:
- Պետք է դիմել քաղաքապետարանին... եթե կան արդեն նախատեսված ծախսեր, որոնք արվել են և դրանք «հետողորմյա անելու» հնարավորություն չկա, այդ դեպքում, ի՞նչ կարող է անել քաղաքապետարանը: Եթե բոլոր գնումները կատարել է, ինչ-որ պետք է պատվիրել է, գումարները փոխանցվել է և դրանք չեղյալ համարել հնարավոր չէ... այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք իրենց մեղադրել: Դա էլ պետք է հասկանալ: Ուղղակի այն ծախսերը, որոնք մինչ այժմ չեն արվել և հնարավոր է չարվեն... իսկ մյուս դեպքերում պետք է դիմել քաղաքապետարան, արդյո՞ք իրենք հնարավորություն ունեն այդ գումարները վերադարձնելու: Ես չգիտեմ ինչ են արել մինչ այսօր և ինչ պետք է անեն: