ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ֆրանսահայ անվանի երաժիշտ Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ ֆրանսահայ մեծանուն ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ:
Ժան Տեր-Մերկերյանի կատարողական արվեստը հայկական ու ֆրանսիական մշակութային այցեքարտ էր ողջ աշխարհում: Հայաստանյան ու միջազգային բազմաթիվ համերգասրահներում նրա մատուցած երաժշտությունը մոգական ուժով միավորում էր տարածության ու ժամանակի սահմանները՝ հիացնելով բազմալեզու հանդիսատեսին:
Չափազանց ջերմ էր Ժան Տեր-Մերկերյանի կապը հայրենիքի հետ, կապ, որի մեջ անսահման սեր ու նվիրվածություն, անկեղծություն ու գորով կար, ինչը մշտապես դրսեւորվում էր Հայաստան նրա յուրաքանչյուր այցի ու յուրաքանչյուր համերգի ժամանակ:
Անկեղծորեն ցավակցում եմ անվանի երաժշտի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»: