ՀԷՑ-ի վաճառքի գործընթացը սկսվել է դեռ հեռավոր 2001-ին: Կառավարությունը բաց մրցույթ էր հայտարարել, դրել բավականին կոշտ պայմաններ: Մրցութային առաջարկների մշակմանն ամենաակտիվ մասնակցությունն էին բերել Համաշխարհային բանկը ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ Եվրոբանկը: ՀԷՑ-ի նկատմամբ այդ շրջանում հետաքրքրություն դրսեւորեցին մի քանի արեւմտյան ընկերություններ Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից և այլն: Մրցույթի ամենակոշտ պայմաններից մեկն այն էր, որ ՀԷՑ-ի ապագա սեփականատերը պետք է լինի թափանցիկ, միջազգային աուդիտ անցած ընկերություն: ՀԷՑ-ի սեփականատեր դառնալու հավակնություն ցուցաբերած ռուսական միակ՝ «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը միջազգային չափանիշներով չէր կարող համարվել «թափանցիկ», քանի որ իր ֆինասական հաշվետվությունների մի որոշակի մասը գաղտնի էր պահում աուդիտորներից:

Սեփականաշնորհման գործընթացը որոշակի հասարակական դժգոհություններից հետո կասեցվեց: Հետաքրքրական հանգամանք է հանդիսանում այն, որ մրցույթին մասնակցող ընկերությունների ցանկում «ՌԱՕ ԵԷՍ»-ը հայտնվեց «անակնկալ» ձևով, և այն փաստը, որ դրա տակ թաքնված են որոշակի քաղաքական ինտրիգներ, միանշանակ հերքել չի կարելի: Հենց այդ տարիներին կնքվեց «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, որի համաձայն՝ պարտքի դիմաց Ռուսաստանը վերցրեց հայկական հինգ խոշոր ընկերություններ, այդ թվում՝ նաեւ «Հրազդանի ՋԷԿ»-ը: Հենց այդ ժամանակ ատոմակայանի վառելիքի պարտքի դիմաց Ռուսաստանին անցավ Սևան-Հրազդան կասկադը: Հենց այդ ժամանակ սկսվեց Հրազդանի 5-րդ բլոկը Ռուսաստանին տրամադրելու գործընթացը:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի սեփականաշնորհման գործընթացի սկիզբ կարելի է համարել 2004 թվականի աշունը, հենց այդ ժամանակահատվածում մամուլում առաջին անգամ սկսվեց շրջանառվել այս ընկերության անունը: «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը 2005 թվականի հունիսի 30-ին հրապարակեց իր ֆինանսական հաշվետվությունը, որում նշված էր, թե 2 մլրդ 29 մլն ռուբլի (կամ 73 մլն դոլար) վճարել է և ձեռք է բերել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնեմասը: Կարճ ժամանակ հետո պարզաբանվեց, որ ոչ թե սեփականաշնորհել, այլ` 99 տարով կառավարման է վերցրել ՀԷՑ-ի բաժնետոմսերը:

Հարկ է նշել, որ արդեն 14 տարի է՝ ՀԷՑ-ի կառավարումն իրականացվում է օտար կառավարիչների կողմից` համապատասխանեցվելով իրենց շահերին և նպատակներին: Միաժամանակ ընդգծենք, որ վերջին 10 տարիներին որպես շոշափելի ներդրում բաշխիչ ցանցերում էական գրեթե ոչինչ չի արվել և ստեղծվել է լճացած ու անմխիթար կացություն: Հենց դրանով էին պայմանավորված ամռանը ՀԷՑ-ի կողմից էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված քաղաքացիական բազմահազարանոց բողոքի ցույցերը:
Նախօրեին ՀԷՑ-ի դեռ ներկայիս սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերությունն իր կայքում տեղադրել է հաղորդագրություն այն մասին, որ սեպտեմբերի 30-ին մոսկվայաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը և «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրել են պայմանագիր Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ: Գործարքը արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և կավարտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Տաշիր գրուպը» հիմնվել է 1999 թվականին հայազագի գործարար Սամվել Կարապետյանի կողմից: Ընկերությունն ունի գործունեության բազմապրոֆիլ ուղղվածության, այդ թվում բավականին մասնագիտացված ուղղություն ունի էներգետիկ ոլորտում: Էներգետիկ ոլորտում ընկերությունը լայն գործունեություն է ծավալում հինականում Մերձբալթյան երկրներում` ստեղծելով բավականին մոդեռնացված էներգետիկ համակարգեր:

Ասել է թե՝ վաճառքը, ըստ էության, կարելի է արդարացված համարել երկու պարագայում. նախ, որ ՀԷՑ-ը վաճառվել է ոլորտը տիրապետող և ոլորտում բավականին լուրջ գործունեություն ծավալած ընկերության, և երկրորդ, որ դե ֆակտո բաշխիչ ցանցերը վաճառվում են հայազգի գործարարի, ինչը խոսում է այն մասին, որ ՀՀ էներգետիկ սպասարկման որակական փոփոխության, ինչպես նաև առկա, մեղմ ասած, «ոչ բարվոք» վիճակի վերաբերյալ կլինի սրտացավ մոտեցում:

Ամփոփելով նշենք, որ ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ հանգամանքը պետք է հույս ներշնչի, որ ՀՀ էներգետիկ գերկարևոր նշանակություն ունեցող ստրատեգիական օբյեկտը կունենա ճիշտ կառավարում և հասարակության կողմից կարժանանա դրական վերաբերմունքի:

Արմեն Հովասափյան-Facebook