Երևանի տոնակատարությունը չանցկացնելը և այդ հասույթը սահմանամերձ գյուղերին որպես օգնություն ուղարկելը անհեթեթ մոտեցում է: Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա մասնավորապես ասել է. «Դա անհեթեթ մոտեցում է ցույց տալիս: Նախ սահմանամերձ համայնքների համար ամեն ինչ արվում է, առավել ևս ինչքան անհրաժեշտ է սահմանամերձ համայնքներին, մեր դիրքերին: Բնական եմ համարում Էրեբունի Երևան տոնակատարությունը: Մենք հզոր ենք մեր մշակույթով, մեր պատմությամբ ու տարին մեկ անգամ պիտի մենք առավել ևս, միջազգային հանրությանն էլ, ճանաչելի դարձնենք: Դպրոցական երեխան արդեն գիտի, որ մենք հնագույն ժողովուրդ ենք, որովհետև այդ ամյակների, ամեն տարվա զորությամբ, առանց պատմական խորացումների, մեր ազգի ծնված երեխան պիտի հասկանա, թե որտեղից է սերվում, որ հետագայում իմանա՝ ուր է գնալու»:
Հնչած հարցին, թե «տաշի-տուշիներ»-ն արդյոք պետք է հասանելի դարձնեն մեր մշակույթը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Դա ոչ թե տաշի-տուշիների մասին է խոսքը, այլ վարկաբեկող, հայկական հենքի մշակույթից դուրս արժևորում է, դա տաշի տուշի չէ: Դա մեր մշակույթն է, մեր անցած ճանապարհը: Մեր պատմական անցյալը տաշի տուշի չէ»: