Երբ Երևանի քաղաքապետը ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն է եղել, այդ տարիներին ապօրինի սեփականաշնորհումներ չեն եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վահագն Խաչատրյանը, ով Երևանը ղեկավարել է 1992-ից 96 թվականները :
«Կրակոցները դադարեցվել են Վանո Սիրադեղյանի իշխանության գալուց հետո և ամենաթողությունն էլ, Երևանում կարգ ու կանոն հաստատվել է այդ ժամանակ: Մինչ այդ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ճիշտ եք ասում կար»,- ասաց Վահագն Խաչատրյանը և հավելեց, որ իր կողմից Երևանը ղեկավարելու տարիներին քաղաքը հանգիստ է եղել, իսկ այդ տարիների ծառահատումները, ըստ Վահագն Խաչատրյանի եղել են միայն այն պատճառով, որ մարդիկ ուզեցել են տաքանալ.«Ոչ թե նրա համար, որ ուզում էին կառուցապատում անել, ոչ թե նրա համար, որ ուզում էին Հյուսիսային պողոտա կառուցել, ոչ թե նրա համար, որ ուզում էին Դալմայի այգում ճանապարհ կառուցել կամ որևէ կրպակ դնել, այլ դա մարդկանց կողմից պարզապես, որպես զուտ կենցաղային, շատ տարրական հարցեր էին ուզում լուծել»,-առանձնացրեց ՀԱԿ ավագանու ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:
Վահագն Խաչատրյանը Երևանի արդի խնդիրները թվարկելիս թվեց շատերը, սակայն օրակարգային համարեց Երևանի մետրոպոլիտենի նոր կայարաններ ստեղծելու հարցը, որն, ըստ իրեն կլուծի տրանսպորտի խնդիրը: Նա կարծում է, որ միմիայն այս դեպքում կթեթևանա Երևանի ծանրաբեռնված տրանսպորտի խնդիրը: