Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության ներկա ընթացքն ու հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարևորվել է համագործակցությունը ինչպես Եվրոպական Միության շրջանակներում, այնպես էլ ՆԱՏՕ-ի գործընկերության ձևաչափով: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրելու միջազգային խաղաղապահության, հումանիտար ականազերծման, կրթության ու վարժանքի և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Շվեդական կողմի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանագոտում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերը: Զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում իրադրության սրման, խոշոր տրամաչափի զինատեսակների օգտագործման, բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ և վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը: