Երեկ տեղեկացրեցինք, որ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում Գյուղատնտեսության նախարարությունը ոչ մի կերպ չկարողացավ լուծել գյուղացիների խնդիրը՝ մթերել վարունգ: Մարդիկ մոտ 400 տոննա վարունգ էին նետել աղբը: Միևնույն ժամանակ, որոշ ժամանակ առաջ, գյուղատնտեսության փախնախարար Ռոբերտ Մակարյանը խոսում էր խնդրի կարգավորման մասին:
YerevanNews.am-ը կապ հաստատեց նաև Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանի հետ՝ փորձելով պարզել լուծվեց արդյո՞ք հարցը իրենց գյուղում:
- Հարցը չլուծվեց... արդեն շատ ուշ էր հարցի լուծման համար: Մարդիկ կային, առաջարկեցին, բայց հնարավոր չէր այդ տարբերակով աշխատելը, որովհետև իրենք ուզում էին մինչև 6 սմ ու 6-9 սմ երկարությամբ վարունգ, բայց դա հնարավոր չէր, որովհետև շատ դժվար է. 1 հա հողակտորից ընդամենը կարող էին հավաքել մի 300-400 կգ:
Դե ով կարողացավ, ինչքան հնարավոր էր վաճառեցին, փոխանակում արեցին... մենք էլ ինչքան հնարավոր էր օգնեցինք, որ այդ հարցը լուծվեր, բայց չստացվեց: Մոտ 40-50 տոննա վարունգ փչացավ:
Մեզ հետ զրույցում գյուղապետը նշեց, որ գյուղացիները չեն կարողացել անգամ իրենց կատարած ծախսերի գումարը ծածկել: Հարցին, գյուղացիները իրենց միջոցներով էին վարունգ ցանել, թե վարկ էին ձեռք բերել նա պատասխանեց.
- Մարդ կար իր անձնական գումարով, մարդ կար վարկով... այնպես չէր, որ բոլորը վարկ էին վերցրել: Գյուղատնտեսության նախարարությունից եկան, փոխնախարարն էր, կազմակերպել էին հանդիպում մթերողների հետ՝ մոտ 5-6 մթերող կազմակերպություն: Մթերող ամեն մի կազմակերպությունը ընդամենը ուզում էր 1 տոննա վարունգ օրական: Դուք պատկերացրեք... 5-6 գյուղով ու 6 տոննա վարունգ, իրենց ասած չափը՝ 6-9 սմ: Մի գյուղին չէր հերքի այդ 1 տոննան:
Հարցին, թե գյուղնախարարությունից փոխհատւցման մասին ինչ-որ բան ասվել է, գյուղապետն ասաց.
- Ճիշտն ասած ոչ մի բան, բայց գյուղացիները մի խնդրանք ունեն. Եթե հնարավոր է գոնե ոռոգման ջրի հետ կապված զեղչ կամ այդպիսի մի բան էլի: