«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ Արարատի և Արմավիրի մարզի խաղողագործները դարձյալ փակել էին ավտոմայրուղին: Բանն այն է, որ չնայած պետական պաշտոնյաների այցերին՝ իրականում բոլոր գործարանները՝ ներառյալ Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը, անհեթեթ պատճառաբանություններով, թե «եթե մի ողկույզի վրա փչացած հատիկներ կան, ողջ բերքը չենք ընդունի», հրաժարվում են մթերել խաղողը: Խաղողով բարձված բեռնատարները մեկ շաբաթից ավել է՝ կանգնած են գործարանի մերձակայքում, սակայն մթերում չկա ու չկա:
Երբ երեկ լրատվամիջոցները աղմուկ բարձրացրին, անմիջապես գյուղացիների մոտ գնացին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, էլի Գագիկ Ծառուկյանը, Արարատի մարզպետը ու նորից խոստումներ տվեցին:
Միայն ուշ երեկոյան տեղեկացանք, որ Ծառուկյանի գործարանում առանց «անուն դնելու» սկսել են մթերել խաղողը:
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի» Մասիսի մասնաճյուղի մոտ երեք օր առաջ խաղողի մթերմանը սպասելիս, հանկարծամահ է եղել 28-ամյա մի երիտասարդ խաղողագործ: «Հոկտեմբերի 4-ին՝ երեկոյան ժամը 18-ի սահմաններում, ես եկա, ինքն էլ մոտեցավ ծառերին, որ ներս մտնի, չէին թողել… ընկավ ու մահացավ: Ամենացավալին այն է, որ խաղողն ընդամենը 3 տոննա կլիներ, եթե հայ լինեին, հարգող, պատվող, ապա այդ մարդու խաղողը կտանեին կհանձնեին, մի քանի կոպեկ փողը կտային՝ թաղման արարողությունը կազմակերպելու համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Աղաս Ստեփանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հանկարծամահ եղած քաղաքացին Հայկ Բարսեղյանն է՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ: Երեկ տեղի է ունեցել երիտասարդի հոգեհանգստի արարողությունը: Ոսկետափ համայնքի ղեկավար Սարգիս Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նա. «Տրոմբ է ունեցել, որը բացվել է: Երկու երեխա ուներ, աշխատող տղա էր: Հայրը դերձակ էր: Խելացի տղա էր… ափսոս»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: