Այսօր հայտնի է դարձել, որ Քաղաքապետարանի ավագանու գալիք նիստում ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է լրագրող ու դերասանուհի Զառա Արամյանին Երևանում բնակարան նվիրելու հարցը։ Ու սա այն պարագայում, որ բոլորի մոտ թարմ են հիշողությունները Զառայի սկանդալային ֆեյսբուքյան գրառման մասին, որտեղ նա ի պատասխան Էրեբունի-Երևան տոնակատարության միջոցառումների ֆոնդերի հաշվին՝ սահմանամերձ գյուղերին օգնություն ցուցաբերելու առաջարկին, հեգնական հակընդդեմ առաջարկով էր հանդես եկել, որում մասնավորապես առաջարկում էր Քաղաքապետարաին, որ այդ միջոցների հաշվին Երևանից սահմանամերձ գյուղեր տեղափոխել բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգ են սահմանամերձ գյուղերի հարցով ու բարձրաձայնում են դրա մասին։
Հասկանալի է, որ Զառային այնպես անարգանքի սյունին գամեցին սրա համար, որ նա շտապեց հեռացնել իր այդ գրառումը, որի տակ հասցրել էին գովասանքի խոսքեր թողել Քաղաքապետարանի ու միջոցառումների հետ կապ ունեցող մի շարք իրական մարդիկ, ինչպես նաև քաղաքապետարանի փիառշիկների ֆեյքերը, բայց դե նստվածքը մնաց։ Իսկ այսօր մենք պարզում ենք, որ Զառային բնակարան են նվիրելու ու ակնհայտ է, որ հենց սա էլ Զառա Արամյանի հավատարմության գինն է ու նրա 30 արծաթը։ Արդեն դժվար է զարմանալ, թե ինչ ցածր բաների են պատրաստ մարդիկ, հանուն նյութական շահի, սակայն այս ամենում մենակ Զառա Արամյանի մարդկային արատները չեն կարևոր։
Այս պատմության մեջ հերթական անգամ աչք է զարնում այն ճչացող անտաղանդությունը, որը դրսևորում են քաղաքապետարանի փիառշիկները։ Ախր դուք՝ իմանալով, որ այսպիսի թեմա կա, ո՞նց եք նման խոցելի քարոզչական դիրք ստեղծում ձեր իսկ համար։ Եթե Զառա Արամյանը այդ բնակարանը ստացել է շնորհիվ իր մատուցած ծառայության, ապա էնքան անտաղանդ եք, որ չեք ֆայմել, որ դա կարելի էր անել գոնե ավելի ուշ, որ միանգամից պալիտ չլինի, որ սա հենց այն 30 արծաթն է, հանուն որի Զառան իրեն հարյուրավոր հայհոյանքների ու քննադատությունների թիրախ սարքեց։
Եթե Զառային բննակարան հատկացնելը կապ չունի նրա գրածի հետ ու ավելի վաղ էր որոշված, որ իրեն բնակտարածք են նվիրելու, ապա դուք կրկնակի անտաղանդ եք, որովհետև անկախ նրանից, թե նա այդ գրառումն արել է ձեր հորդորով, թե սեփական նախաձեռնությամբ, դա ճակատագրական սխալ էր, որը բումերանգի էֆեկտով խելու էր սկզբում Զառային, իսկ հետո քաղաքապետարանին։
Այո, հենց այսպես էլ ապրում ենք, ծախվածներով ու անտաղանդերով հեղեղված՝ մեր սիրած քաղաքում։
Գուրգեն Գաբրիելյանի Բլոգ