Հայաստանում սուպերմարկետների վաճառողուհիները, սովորաբար, ընդմիջում անում են 10-15 րոպեով` ոտքի վրա: Այս մասին այսօր Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվան նվիրված քննարկմանը հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա նշեց նաև, որ վարորդներն աշխատում են առանց աշխատանքային պայմանագրերի ու աշխատավարձի՝ 50-50 սկզբունքով ու առանց վթարներից ապահովագրման: Հայաստանում աշխատողների իրավունքները պաշտպանված չեն, հաճախ պայմանագրեր չեն կնքում, իսկ պայմանագրերի չլինելը նշանակում է անօրինական աշխատանք, օրավարձով:

Ըստ Ավետիք Իշխանյանի հիմնականում առանց պայմանագրի են աշխատում ռեստորաններում, սրճարաններում: Նա մասնավորապես ասաց.

«Էլ չեմ խոսում մնացած իրավունքների՝ հանգստի, հիվանդության, ընդմիջման մասին, և այլն: 10-15 րոպե սուպերմարկետներում ոտքի վրա նախաճաշում են ու վերջ»:

Լավ չէ նաև ուսուցիչների վիճակը, որոնց հետ աշխատանքային պայմանագիր են կնքում 1 տարով և մեկ տարի անց կարող են լուծել պայմանագիրը: