Արման սարկավագ Սաֆարյանն ասում է, որ Հայ Առաքելական եկեղեցուˋ դիակիզմանը դեմ լինելը ոչ թե նյութականի, այլ ժողովրդի մտավոր արժեքների, պատկերացումների հետ է կապված, որը ձևավորել է քրիստոնեությունը:
«Հայաստանի բնակչության 97 տոկոսը հայեր են, ովքեր տեսել են քրիստոնեական ծիսակարգը, այդ է պատճառը, որ դիակիզարանների կառուցումը չի ֆինանսավորվում: Մենքˋ հայերս, արդեն բավական փոխզիջումների ենք գնացել հայեցի արժեհամակարգի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ըստ սարկավագիˋ եթե մենք ունենանք դիակիզարան, հնարավոր է, ունենանք նաեւ այլ խնդիրներ:
«Մինսկում օրական մահանում է միջինը 43 մարդ, նրանց մեծ մասը դիակիզվում են: Այդ գործընթացից առաջանում է սնդիկաթթու, որը բավական թունավոր է: Պատկերավոր ասելու համար ասեմ, որ այդ նյութը մկնդեղից ավելի թունավոր է: Եթե բոլոր մահացածներին դիակիզեն, այդ քաղաքում լուրջ խնդիրներ կարող են առաջանալ»,- նշեց նա:
Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը համաձայն չէ նաև, որ դիակիզումն ավելի մատչելի է: Օրինակ է բերում. Լոնդոնում մեկ մարդու դիակիզման համար անհարժեշտ է 2000 դոլար, իսկ սափորն արժե միջինը 800 դոլար:
Հայաստանում տեղի սահմանափակ լինելու հետ կապվածˋ նա համոզված էˋ ժողովուրդը ոչ թե տեղ չունի, այլˋ լավ տեղ չունի:

Դիտարկմանը, թե գերեզմանների տեղի սղություն կա, քանի որ արդեն հնագույն գերեզմանների տեղում են հուղարկավորություններ կատարում, սարկավագն ասաց, թե քրիստոնեական եկեղեցում կա կանոնագիրք, որով թույլատրվում է 150- 200 տարվա հնության գերեզմաններում կրկին հուղարկավորել:

Հոգեբանի կարծիքով`Հայաստանում մարդիկ պետք է ընտրություն ունենան` դիակիզարանի և գերեզմանոցի միջև:

«2006 թվականին Հայաստանում օրենք ընդունվեց, համաձայն որի` թույլատրվում է դիակիզարանի ստեղծումը: Դիակիզարանի կառուցումը մեծ գումարներ է պահանջում, որի հնարավորությունը պետությունը չունի: Սակայն կա հոգեբանական կողմը` մեր ժողովուրդը պատրաստ չէ Հայաստանում դիակիզարանների առկայությանը»,- ասաց Իրինա Ծատուրյանը:

Սակայն, ըստ նրա, աշխարհն անընդհատ փոխվում է, և մենք սկսում ենք ունենալ փողի, տարածքների խնդիր: «Մենք հող արդեն չունենք: Մենք ունենք գերեզմանոցներ, որոնք սողանքների պատճառով բացվել են: Լինում են դեպքեր, երբ ջրերը տանում են գերեզմանները: Երբ դրսում որևէ մեկը մահանում է, նրանց աճյունափոշին են բերում, և այդ դեպքերում դա ընդունվում է: Այդ դեպքում ինչպե՞ս է լինում, նրանք քրիստոնյա չե՞ն: Մենք փոփոխության շատ դժվար ենք գնում: Ես գտնում եմ, որ մեր երկրում երկու տարբերակն էլ պետք է գործի` թող լինի գերզմանոց և դիակիզարան»,- ասաց հոգեբանը: