Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը կմասնակցի «Ոսկե ծիրան» երևանյան տասներորդ միջազգային կինոփառատոնին, որը կանցկացվի հուլիսի 7–14–ը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը։

«Ազնավուրը կմասնակցի կինոփառատոնին առաջին անգամ։ Մնացած հյուրերի և մասնակիցների ցուցակները ճշտվում են»,– ասաց նա։

«Ոսկե ծիրանի»` մամուլի հետ կապերի պատասխանատու Րաֆֆի Մովսիսյանն իր հերթին նշեց, որ հանրահայտ երգչի մասնակցության կապակցությամբ Ազնավուրի հրապարակում կբացվի նրա աստղը։

Կինոաստղերի արահետը բացվել է 2010 թվականի հուլիսի 12–ին` Ազնավուրի հրապարակում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց` հոլիվուդյան Փառքի արահետի նմանությամբ։ Առաջին աստղերը պատկանում են հայազգի չորս աշխարհահռչակ կինոգործիչների` հայկական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին և հայտնի կինոռեժիսորներ Ռուբեն Մամուլյանին, Սերգեյ Փարաջանովին և Անրի Վեռնոյին, ովքեր հսկայական ավանդ են ներդրել համաշխարհային կինոարվեստում։

«Ոսկե ծիրան» փառատոնը Երևանում անցկացվում է 2004 թվականից և համարվում է տարածաշրջանում ամենահեղինակավորներից մեկը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության Ficts Plate D'honneur մրցանակի։ Այս տարիների ընթացքում Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասաններ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։