Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի և ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ միասին Դավթաշեն վարչական շրջանում ներկա է գտնվել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հանդիսավոր բացմանը: Կոթողը տեղադրվել է վարչական շրջանում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հարևանությամբ, որի հարակից 520 քմ զբաղեցնող տարածքը, Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով, ամբողջությամբ բարեկարգվել ու հարմարեցվել է նաև որպես հանգստի գոտի: Հուշարձանի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին և Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ մատաղ սերնդի մեջ նաև նմանատիպ տարածքների յուրովի արժևորման տեսքով պետք է հայրենասիրություն սերմանվի:
«Այսօր Երևանում բացվեց ևս մեկ հուշարձան, որը խորհրդանշական վայրում է ու իր մեջ մեծ խորհուրդ ունի: Այստեղ, ինչպես գիտեք, դեռ 1972թ.-ից տեղադրված էր Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Անցյալ տարի նախաձեռնվեց հարակից տարածքի բարեկարգումը և, իմ կարծիքով, շատ ճիշտ էր կայացված որոշումը, որ հենց այս հուշարձանի հարևանությամբ լինի արդեն մերօրյա հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Արցախյան ազատամարտին հարյուրավոր դավթաշենցիներ են մասնակցել ու նրանցից շատերն են հերոսացել: Եվ այս հուշարձանը ազատամարտի մեր բոլոր հերոսների հիշատակն է հավերժացնելու: Նաև լինելու է սերունդների միջև կապն ապահովող, մեր ժողովրդի հերոսության շարունակականության յուրովի ապացույցը, որ յուրաքանչյուր այցելու այս տարածքում մտորի, դասեր առնի ու հպարտանա մեր հերոսական ժողովրդի զավակներով»,- ընդգծել է քաղաքապետը:
Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանն էլ մեկ անգամ ևս հատկանշել է այն ջերմ վերաբերմունքն ու ընդունելությունը, որ զգացել է Երևան այցելելու հենց առաջին իսկ օրից:
«Անտոնիում այսօր ապրում են հայկական ծագում ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր իրենց կարևոր ներդրումն ունեն քաղաքի զարգացման գործում: Անտոնիի հայ համայնքն իսկապես համախմբված է և կարևոր առաքելություն է իրականացնում հայկական մշակույթի պահպանման, տարածման ու սերունդներին փոխանցելու ուղղությամբ: Վստահ եմ, որ Երևանի և Անտոնիի միջև հաստատված այս համագործակցությունը նրանց համար ևս շատ սպասված էր, ու այն կունենա իր կարևորագույն դերակատարումը»,- նշել է Անտոնիի քաղաքապետը:
Միջոցառման շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ու Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը ստորագրել են Դավթաշեն վարչական շրջանի և Անտոնի քաղաքի քույրացման արձանագրության հայկական տարբերակը, համաձայն որի էլ արդեն կզարգանա ու կամրապնդվի երկուստեք գործակցությունը: Այնուհետ Երևանի քաղաքապետը Անտոնիի գործընկերոջ հետ միասին նաև խորհրդանշական եղևնիներ է տնկել հուշարձանի հարակից պուրակում: