Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Հայաստանում խնդիրը ոչ թե Սահմանադրության կամ օրենքների ձևն է, այլ դրանց իրագործման «բովանդակությունը»։ Այսինքն՝ այն, թե ինչպես են Սահմանադրությունն ու օրենքներն իրացվում գործնական կյանքում։ Իսկ դրանք որքան իդեալական են ձևի մեջ, նույնքան ոտնահարվում են բովանդակությամբ, ինչպես գրեթե ամեն ինչ Հայաստանում։ Ու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչությունն այս իրականությունը չի փոխելու, հակառակը՝ դարձնելու է ավելի ցցուն, քանի որ երկու ամիս շարունակ Սահմանադրությունն ու օրենքներն ամենաշատը խախտողները խոսելու են սահմանադրականության ու օրինապահության մասին, իսկ նրանք, ովքեր այսօր չունեն խախտելու հնարավորություն, համոզելու են, որ իշխանության գալու դեպքում իրենք սրբորեն հետևելու են դրանց։ Համոզելու են՝ շատ լավ իմանալով, որ իշխանության գալու դեպքում իրենք առնվազն նույնքան անհագուրդ են գտնվելու հակասահմանադրականության ու հակաօրինականության հարցում։
Սահմանադրությունը Հայաստանում, ցավոք, չի դարձել կյանքի նորմ, այն այդպիսի նշանակություն չունի քաղաքացիների համար, քանի որ այդ Սահմանադրությամբ իշխանություն ստացածների, ավելի ճիշտ՝ այդ Սահմանադրությունը ոտնահարելու ճանապարհով իշխանության եկածների համար առաջին հերթին՝ Սահմանադրությունը գործելու նորմ չէ։ Սահմանադրությունը կապ չունի քաղաքացու կյանքի հետ, ու քաղաքացու համար, լայն իմաստով, միևնույն է՝ կառավարման ինչպիսի կարգ է ունենալու Երկիրն այդ Սահմանադրությամբ։ Ավելին՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում քաղաքացիների մեծամասնությունը զրկվելու է եկամտի հերթական աղբյուրից։ Նախագահին այլևս ընտրելու է Ազգային ժողովը, այսինքն՝ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու ու այդ ընտրություններում այլևս ընտրակաշառք չի բաժանվելու։ Իսկ դա քաղաքացիներից շատերի համար Սահմանադրությունից ունեցած միակ «քյարն էր»։ Սա, ի դեպ, կարող է լուրջ փաստարկ դառնալ «ոչ»-ի ներկայացուցիչների համար։ Շատ ավելի լուրջ փաստարկ, քան իշխանության վերարտադրման, կուսակցական մենիշխանության և այլ քաղաքագիտական տերմիններով համեմված սպառնալիքները»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: