ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հոկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքւմ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Միաժամանակ ՊԲ հակաօդայինները առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա` Ադրբեջանի տարածքում, հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքներ և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք: