«Ելակետ լրատվական» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Ծխելու ազդեցությունը մայրության և բնակչության վերարտադրողականության վրա» թեմայով ասուլիս, որի բանախոսններն էին Արուսիկ Մկրտչյանը (DJ Վակցինան) և «Շենագավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը: Բանախոսներն անդրադարձան ծխելու վնասակարությանը, դրա բացասական հետևանքներին սերնդի վերարտադրման համար և թեմային առնչվող մի շարք այլ հարցերի։
DJ Վակցինան կոչ արեց հասարակական գործիչներին և շոու բիզնեսի ներկայացուցիչներին օգտագործել իրենց լսարանները և ներգրավվել ծխելու դեմ պայքարին, քանի որ առավել խոցելի են դեռահասներն ու պատանիները, որոնց ամեն կերպ պետք է հետ պահել այդ վնասակար երևույթից: Պետք է տարբեր ակցիաներ և միջոցառումներ կազմակերպել առողջ ապրելակերպ պրոպագանդելու համար:
Մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը ցավով նշեց, որ ողջ աշխարհում ավելացել և շարունակում է ավելանալ ծխող կանանց և աղջիկների թիվը, որոնք պետք է հաշվի առնեն, որ ծխելը կարող է առաջացնել առաջնային և երկրորդային անպտղություն, քանի որ ձվարանների ֆունկցիան ընկճված է լինում, առաջացնում է մուտացիաներ, որոնք իրենց հերթին առաջացնում են պտղին մոտ ներարգանդային զարգացման արատներ, պտղի խրոնիկ հիպոքսիա և բազմաթիվ այլ խնդիրներ: