Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%, կանանց շրջանում՝ 3-4%:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը՝ ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվա առթիվ:

Նա նաև նշեց, որ ծխախոտ օգտագործող կանանց շրջանում ցուցանիշների ակնհայտ տարբերություն կա Երևանի ու մարզերի միջև:

«Համաձայն վիճակագրական տվյալների` Երևանի կանանց շրջանում տարիքային խմբեր կան, որոնց մինչև 7-8%-ը ծխող է: Վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում. եթե 1999թ-ին ծխախոտ օգտագործում էին տղամարդկանց` 64%-ը, ապա այսօր՝ 50 %-ը: Սակայն սա ևս բարձր ցուցանիշ է և, իհարկե, մտահոգող»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում ծխախոտի օգտագործմանը դեռահասների շրջանում, ըստ Ալեքսանդր Բազարչյանի, ավելի հուսադրող է, քան այլ, այդ թվում՝ հարևան երկրներում:

«Սակայն դա չի կարող մեզ հանգստացնել: Հայաստանում հիմնականում ռիսկային են 15 տարեկանները: Դեռահաս տղաների 6 տոկոսն է ծխախոտ օգտագործում, իսկ աղջիկների՝ մոտ 1 տոկոսը։ Մեր երեխաները բավականին երկար են մնում ծնողի հսկողության տակ: 18-ից հետո բուհ ընդունվելիս կամ բանակ ծառայության գնալիս նրանք դուրս են գալիս ծնողի հսկողության տակից և սկսում ծխախոտ օգտագործել: Դա է պատճառը, որ Հայաստանում ծխախոտի օգտագործման պիկն սկսվում է 18 տարեկանից հետո»,- նշեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: