«Ծխելը ոչ ժամանակակից սովորություն է, ԱՄՆ-ում, Կանադայում մարդիկ ուղղակի խցերում ծխում են ամաչելով և իրենց զգում են հասարակությունից իզոլացված խումբ, Հայաստանում չծխողներն են իրենց այդպես զգում»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց DJ Վակցինան (Արուսիկ Մկրտչյան): Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով DJ Վակցինան կոչ արեց չծխել, դեռահասներին էլ` անգամ չփորձել, քանի որ մեկ-երկու անգամը կարող է կախվածություն առաջացնել: Իսկ ծխող մարդն, ինչպես ասաց, մասնագիտությամբ կենսաբան DJ Վակցինան, իր կյանքի ընթացքում առողջական լուրջ խնդիրներ է ունենում:
Նրա խոսքերով, Հայաստանում` սրճարաններում ռեստորաններում և այլ ժամանցի կենտրոններում ու աշխատավայրերում խախտվում են չծխողների իրավունքները, քանի որ գրեթե առանձնացված սրահներ չկան, եղածներում էլ օրենքի պահանջը չի պահպանվում: DJ Վակցինան գտնում է, որ ծխողների թիվը կպակասի, եթե դեռահասների շրջանում և մյուս քաղաքացիների, ակտիվ քարոզչություն տարվի ընդդեմ ծխախոտի: Ըստ նրա, դրանում պետք է դերակատարում ունենան շոու-բիզնեսի հայտնի դեմքերը, հասարակական կազմակերպությունները:
«Որպես բիզնես սա համարվում է շատ եկամտաբեր եւ ունենալով որոշակի ազդեցություն և լծակներ, չենք կարողանում ունենալ իրավական դաշտում այնպիսի փոփոխություն, որ ոչ թե հ/կ-ների կողմից գլուխը պատեպատ տալու էֆեկտ լիներ, այլ այն կլիներ, որ վերևից կփոխվեր ամեն ինչ` հօգուտ հասարակության առողջությանը»,- ավելացրեց Վակցինան:
«Պտուղը ներարգանդային կյանքում սնվում է պլացենտայի միջոցով: Շատ հնարավոր է, որ նախնական էտապում լինեն վիժումներ, իսկ ավելի ուշ երեխան կարող է սրտի արատ կամ մեկ այլ օրգանի արատներ կունենա»,- ասաց ասուլիսի մեկ այլ բանախոս մանկաբարձ- գինեկոլգ Աննա Տողրամաջյանը:
Ըստ բժշկուհու ամբողջ աշխարհում ևս ավելացել է ծխող քաղաքացիների թիվը: Նա կանանց եւ տղամարդկանց կոչ արեց մտածել հետագա սերունդների մասին, քանի որ ծխող ամուսիններից մեծ է ռիսկը, որ արատներով երեխաներ կծնվեն: