Այսօր տեղի ունեցավ «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդրանիկ ասուլիսը: Չնայած անվանը՝ հիմնական գործող անձիք քաղաքական դաշտի հնաբանակներից են, ոմանք անգամ ժամկետանց:
Ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ստեղծման մասին: Մարտիրոսյանը նշեց, որ այն ունի խորհուրդ և միասնական շտաբ: Խորհրդի կազմի մեջ են մտնում Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը, Արմեն Մարտիրոսյանը, Գարեգին Չուքասզյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն իր մասնակացություն ունեցավ այդ ճակատի ձևավորման գործում զուտ ապրիորի` հղելով իր հերթական շարքային ուղերձը: Հավանաբար «Ժառանգության» հոգևոր հայրը հերթական անգամ այցելել է պապերի երկիր` Արևմտյան Հայաստան:
Րաֆֆի Հովհաննսիյանը հենց սկզբից անլրջացնում է նորաստեղծ մարմնի հետագա քաղաքական ճակատագիրը, քանի որ հայտարարվել էր, որ առաջին ասուլիսը հրավիրել են Ր. Հովհաննիսյան ու Ժիրայր Սեֆիլյանը:
Քաղաքական միավորումը, ըստ բանախոսներին, պայքարելու է ոչ միայն սահմանադրական հանրաքվեի անցկացման, այլև գործող համակարգի դեմ` փորձելով հասնել հեղափոխության: Նրանց բոլորի խոսքի մեջ հիմնական թեզիսը հետևյալն էր. «Ոչ-ի գաղափարն ընդունելի է, սակայն միայն «ոչ»-ով չենք սահմանափակվելու»:
Թե ինչպես կհանգուցալուծեն այս խնդիրը «Նոր Հայաստանն» ու «Ոչ»-ը՝ ցույց կտա ժամանակը: Եթե «Նոր Հայաստանն» իր՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին նշանաբանով ու նպատակադրումով ներգրավվում է սահմանադրական գործընթացի դեմ պայքարի մեջ, ապա պետք է հասկանա, որ Սահմանադրության փոփոխությունները չտապալելու դեպքում մեծ հարված է կրելու: