Տեխաս նահանգի Ուեստ քաղաքում պարարտանյութերի գործարանի պայթունի պատճառով մահացել է շուրջ 60-70 մարդ, հարյուրավորները` վիրավորվել: Այս մասին հայտնում է ռուսական Gazeta պարբերականը` հղում կատարելով տեղական KWTX հեռուստաալիքին:
Վնասվածքների մեծ մասը բեկորային է: Մարդկանց վիրավորել են ապակու, դռների հատվածները:
Հրդեհ է բռնկվել չոր ամոնիակի պահեստում, որը արագորեն տարածվում է ամբողջ շենքի տարածքում: Պայթունից հետո կրակը տարածվել է նաև հարևանությամբ գտնվող միջնակարգ դպրոց և ծերանոցի շենք:
Ավելի վաղ հայտնել էին, որ վերջինս լուրջ վնասվել է և քանդվել պայթունի ժամանակ, իսկ նրա բնակիչները ամենայն հավանականությամբ հայտնվել են ավերակների տակ:
Տեղում աշխատում են երկու տասնյակից ավել շտապ օգնության թիմ: Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու համար բերվել է շուրջ 12 ուղղաթիռ:
Գործարանի տարածքում կա նաև մեկ այլ ամոնիակների պահեստ: Երկրորդ պայթունի վտանգի պատճառով տեղի է ունենում քաղաքի շուրջ 2700 բնակչի տեղահանում: