Ինչպես հայտնել ենք, «Կոշ» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Համլետ Ղազարյանի հարազատները մեզ հայտնել են, որ նա գտնվում է ծանր վիճակում: 1 տարի առաջ կուլ տված մեխերը շարունակում են մնալ նրա որովայնում:
YerevanNews.am-ը կապ հաստատեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի հետ, ով ասաց, որ Համլետ Ղազարյանը ինքն է հրաժարվել վիրահատությունից: Նրան բազմաթիվ անգամներ տարել են և դատապարտյալների, և քաղաքացիական հիվանդանոցներ, սակայն ինքը հրաժարվել է՝ ասելով, որ չի վստահում:
Գոռ Ղլեչյանը նշեց նաև, որ նա մշտապես գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո:
Հարազատները մեզ հետ զրույցում հայտնեցին նաև, որ Համլետ Ղազարյանի որովայնը ուռել է, ձեռքը՝ քաշվել, աղիքները թախախակալված են: Կուլ տված մեխերը խցանվել են և մսակալվել: Ըստ հարազատների, դատապարտյալի վիճակը օր օրի վատանում է, սակայն ոչ մի բուժօգնություն չի տրամադրվում:
Գոռ Ղլեչյանից տեղեկացանք նաև, որ Համլետ Ղազարյանը (նախկինում 7 անգամ դատապարտված) դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 37 հոդվաով և 148 հոդվածի 2-րդ մասով: Նա դատապարտվել է 3 տարի 6 ամսի ժամկետով, որը լրանում է 2017թ.-ի հունվարի 6-ին: Այս տարվա նոյեմբերին լրանում է դատապարյալի պայմանական ազատման ժամկետը:
Նշենք նաև, որ դատապարտյալի հարազատները զգուշացնում էին՝ չհավատալ Գոռ Ղլեչյանի խոսքերին: