ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր հանդիպում ունեցա պաշտոնական այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Պարոն Յագլանդի հետ զրուցեցինք փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների, դրանց հաջորդած իրադարձությունների, Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների, երկրում առկա քաղաքական իրավիճակի ու կառուցվածքային հնարավոր փոփոխությունների, եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին:
Ես նշեցի, որ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում Հայաստանի նախագահության շրջանի համընկնումը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կարևոր գործընթացների հետ կարող է պարտավորեցնող դրական ազդեցություն ունենալ Հայաստանի ժողովրդավարության վրա: Ասացի, որ մեր երկրում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտը քաղաքական հակակշիռների բացակայությունն է, և մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրությունները երկրի քաղաքական համակարգում կարող են սկիզբ դնել այդ մեխանիզմին:
Պարոն Յագլանդին հորդորեցի, որ Եվրոպայի խորհուրդն ավելի ակտիվ ներգրավվածություն ունենա Հայաստանի և Եվրոպական Միության միջև Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո դրա դրույթների իրականացման մոնիթորինգը ապահովելու հարցում»: