«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշում են, որ իրենք գոհ են կայացված վճռից, քանի որ «դատական լսումների շրջանակում բացառապես չի վիճարկվել Հայոց ցեղասպանության պատմական փաստի եղելությունը»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը:

«ՄԻԵԴ-ը վճռեց, որ հայցվորի խոսքի ազատության իրավունքը ոչ մի դեպքում չպետք է սահմանափակվի։ Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը բացառապես կասկածի տակ չառավ 1915թ. հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության պատմական փաստը, ինչը նշանակում է, որ հայկական կողմի ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են»,-նշվում է հայտարարության տեքստում:

Ինչպես նշում է asbarez. com-ը, փաստաբանները նաև մանրամասնել են, որ Հայաստանի կառավարությունը միջամտել է այս գործին միայն այն պատճառով, որ ՄԻԵԴ-ի ստորին պալատն ավելի վաղ կասկածի տակ էր դրել Ցեղասպանության փաստը։

«Ուստի մենք` որպես փաստաբաններ, որոշեցինք ուղղել այս կոպիտ սխալը, ու ՄԻԵԴ-ի Գերագույն պալատը հենց այդպես էլ վարվեց։ Այսօրվա դատավճիռը չի վիճարկում Ցեղասպանության փաստը. ավելին` 10 դատավորներն ասացին, որ Ցեղասպանության ճանաչման հարցն ընդհանրապես չի քննարկվելու, իսկ դատավորներից 7-ը հայտնեցին, որ Հայոց ցեղասպությունը պատմականորեն հաստատված փաստ է։ Բացի այդ, տվյալ դատավճիռը սատարում է հայերի` իրենց ազգային արժանապատվությունը պաշտպանելու իրավունքը»,- նշել են փաստաբանները։

Քլունին և Ռոբերթսոնը նաև հավելել են, որ խոսքի ազատության իրավունքի պաշտպանությունը կարևորող դատավճիռը լուրջ հետևանքներ կունենա Թուրքիայի համար, որտեղ արձանագրված են վատագույն ցուցանիշները խոսքի ազատության բնագավառում։

«Թուրքիան այլևս չի կարող արդարացնել Հրանտ Դինքի և նրա պես մարդկանց նկատմամբ իրականացվող հետապնդումները` վերջիններին մեղադրելով 301-րդ հոդվածը խախտելու, այն է՝ «թուրք ժողովրդին վիրավորելու» համար։ Մենք բոլորս կոչ ենք անում չեղարկել այդ հոդվածն ու դադարեցնել դրա շրջանակում իրականացվող բոլոր հետապնդումները»,-նշել են փաստաբանները։

Հիշեցում. Գործի նախապատմությունը կապվում է Թուրքիայի քաղաքացի Դողու Փերինչեքի ռասիստական և ատելություն սերմանող գործունեության հետ: Նա Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահն է և ներկայանում է որպես իրավագիտության դոկտոր: Դ. Փերինչեքը 2005 թվականի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել է 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Նա, մասնավորապես, հայկական ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային կեղծիք»։

2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը բողոք է ներկայացրել Փերինչեքի դեմ՝ վերոհիշյալ ելույթների բովանդակության կապակցությամբ: Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետով: Լոզանի դատարանն արձանագրել է, որ Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթն ունեցել է ռասիստական շարժառիթներ, կրել է ազգայնական բնույթ և չի կարող դիտարկվել պատմական բանավեճի կամ քննարկման շրջանակներում: Լոզանի դատարանը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը, ըստ շվեյցարական հանրային կարծիքի, համընդհանուր ապացուցված եղելություն է, ապացուցված պատմական փաստ: Այս հիմնավորմամբ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի:

Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել է շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չի հասել:

Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել է, որ շվեյցարական դատարանները, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը: 2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները: