Օրերս, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, որ ցանկանում է Հայաստանում կուսակցություն հիմնել և մասնակցել 2017 թվականի Աժ ընտրություններին: Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց ՀԱԿ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ, ով ասաց.
- Շատ տխուր է, երբ կուսակցություն ստեղծողը գնում է Սերժ Սարգսյանից է հարցնում կուսակցություն ստեղծի, թե ոչ... էտ մեկ: Ինձ համար շատ կարևոր է իմանալ այս պահին թիվ մեկ քաղաքական խնդրի շուրջ իր վերաբերմունքը, իսկապես շատ կարևոր է: Եթե հնարավորություն ունեք, թեկուզ իմ անունից, իրենից հարցրեք՝ սահմանադրության հետ կապված ինքը ի՞նչ կարծիք ունի:
Պարոն Մանուկյան, Արա Աբրահամյանի մուտքը քաղաքական դաշտ ազդեցություն կունենա՞:
- Չեմ կարծում: Դա կարող է լինել մարդկանց խումբ, համախոհների խումբ, բայց Հայաստանում այսօր գաղափարախոսություն ունեցող կուսակցություն ստեղծելը շատ դժվար է, համարյա անհնար: Հայաստանում գործող կուսակցությունների կեսից ավելին գաղափարախոսության հետ ընդհանրապես կապ չունեն, ուր մնաց նոր ստեղծվողները: Եթե ավելի խիստ և անաչառ՝ Հայաստանում ընդամենը կան մի քանի գաղափարական հենք ունեցող, դասական առումով քաղաքական գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ:
Այդ առումով, ինչ էլ ստեղծվի, ապա դա առաջին հերթին լինելու է մարդկանց խումբ, համախոհների խումբ, մոտիվացվածների խումբ, բայց ոչ քաղաքական ուժ: Իհարկե, դուք դա կարող եք անվանել քաղաքական ուժ, եթե ուզում եք, բայց իմ չափանիշների մեջ դա չի տեղավորվի, որպես դասական քաղաքական ուժ, որովհետև քաղաքան ուժն ունի շատ կոշտ կանոններ, շատ հստակ սահմանագծեր, որի մեջ դու պետք է տեղավորվես: