Աշխարհահռչակ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորական ուղերձ է հղել «System of a Down» ռոք խմբին` Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակին արժանանալու առթիվ։ Խումբը արժանացել է մրցանակին «Wake Up the Souls» շրջագայության միջոցով արդարության վերականգնմանը նպաստելու համար։
Ինչպես տեղեկանում ենք parajanov. com-ից, Հոլիվուդյան առաջատար ռեժիսորի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ուզում եմ շնորհավորանքներս հղել «System of a Down» խմբին` իմ կողմից չափազանց հարգված կինոգործիչներ Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի անվան մրցանակը ստանալու պատվին արժանանալու համար»։
Խումբը նաև պատրաստակամություն է հայտնել օգնելու վերականգնել Միքայել Վարդանովի «Փարաջանով. վերջին գարունը» ֆիլմը։
Կոպոլան նշել է, որ ֆիլմը ստեղծվել է արգելքների պայմաններում և ապացուցում է՝ արվեստի ուժն ի զորու է հաղթահարել ցանկացած սահմանափակումներ։