Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կատարել է շրջայցեր, որոնց ընթացքում հայտնաբերել է օրենքի պահանջների խախտմամբ փակցված քարոզչական պաստառներ: Նշված պաստառները վերացվել են: Այս մասին ԿԸՀ-ի ապրիլի 18-ի նիստում՝ ԲՀԿ-ի դիմումի քննարկման ժամանակ, հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ վստահեցնելով, որ մինչև նախընտրական քարոզչության ավարտը ԿԸՀ-ի շրջայցերը կլինեն պարբերական:

ԲՀԿ-ն, մասնավորապես, դիմել էր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում անվճար քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված որոշ տեղերում «Բարգավաճ Հայաստան»-ի քարոզչական պաստառների վրա «Օրինաց երկիր» կուսակցության պաստառների փակցման կապակցությամբ՝ խնդրելով վերացնել օրենքի խախտմամբ փակցված պաստառները և կանխարգելել նման դեպքերի կրկնությունը: Դիմումին կից ներկայացվել էին նաև լուսանկարներ: Պաստառների հետ կապված ահազանգ էր ստացվել նաև «Առաքելություն» կուսակցությունից:

Հաշվի առնելով, որ խախտումները վերացված են, ԿԸՀ-ն որոշեց կարճել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցչի դիմում-բողոքով հարուցված վարչական վարույթը:

ԿԸՀ նախագահը հորդորեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին «մի քիչ ավելի ողջամտորեն վերաբերվել քարոզչական պաստառների փակցման հարցին», քանի որ օրենքի խախտմամբ փակցված ցանկացած քարոզչական պաստառ հայտնաբերելու դեպքում, այն կվերացվի: