Քաղաքական համակարգերում մարդիկ կազմակերպվել են իրենց շահերը պաշտպանելու համար: Կազմակերպվել են նաև, որպեսզի իրենց կամքը թելադրեն այլոց: Այս իմաստով, քաղաքական կուսակցությունները գոյություն են ունեցել դեռևս հին Հունաստանում, Հռոմում, միջնադարյան Եվրոպայում:

Կուսակցություն տերմինը առաջացել է լատիներեն (pars-մաս) բառից: Քաղաքական կուսակցությունների մասին առաջին գիտական պատկերացումները կապված են այնպիսի մտածողների ու քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք են Մոնտեսքյոն, Ռուսսոն, Վաշինգտոնը, Մեդիսոնը և ուրիշները: 20-րդ դարի վերջին տասնամյակներում քաղաքական կուսակցությունների կարևորագույն հիմնահարցերի ուսումնասիրության բնագավառում կարևոր ներդրում ունեն Կլաուս Ֆոն Բոյմեն, Բլոնդոնը, Լոուսոն, Մակրիդիսը և ուրիշները:

Մասնագիտական գրականության մեջ առկա են «քաղաքական կուսակցություն» հասկացության բազմաթիվ սահմանումներ: Ահա դրանցից մեկը. Քաղաքական կուսակցությունը հասարակության քաղաքական համակարգի կարևորագույն տարրերից մեկն է. կամավոր և ամուր կազմակերպություն, որը միավորում է իրենց ընդհանուր սոցիալ-դասակարգային, քաղաքական-տնտեսական, մշակութային-ազգային կամ այլ կարգի շահերով և գաղափարներով կապված մարդկանց: Քաղաքական կուսակցությունը դա սոցիալական խմբի կամ մի քանի խմբերի առավել ակտիվ, գիտակից և կազմակերպված մասն է:

Քաղաքական կուսակցությունների ֆունկցիաների իրականացման միջոցով կարելի է որոշել նրանց փաստացի դերը տվյալ հասարակության քաղաքական համակարգում, բացահայտել քաղաքական գործընթացին նրանց մասնակցության աստիճանը և արդյունավետությունը` սկսած որոշումների ընդունումից, վերջացրած դրանց գործնական իրականացմամբ:

Միակուսակցական կամ բազմակուսակցական համակարգի ձևավորման վրա ազդում են կոնկրետ պատմական բնույթի մի շարք գործոններ` սոցիալական ուժերի դասավորվածությունը և հարաբերակցությունը, տվյալ երկրում առկա կուսակցությունների գործունեության նկատմամբ հասարակության ունեցած դիրքորոշումները, քաղաքական կուսակցություններ ստեղծելու զանազան հասարակական խմբերի պատրաստակամության աստիճանը, հասարակության մեջ տիրապետող քաղաքական կուլտուրան և այլն:

Ամենակարևորներից մեկն այն է, որ ցանկացած քաղաքական միավոր, առավել ևս կուսակցություն, քաղաքական դաշտ մուտք գործելուց առաջ պետք է գիտակցի իր հստակ անելիքներն ու ստանձնած պարտավորությունները, քանի որ հենց այնպես, ինքնաբուխ, որոշակի մարդկանց շուրջ համախմբվելով լուրջ քաղաքական կառույց չի կարող ձևավորովել` առավել ևս քաղաքական ակտիվ գործունեություն ծավալել:
Բազմակուսակցական համակարգի պայմաններում քաղաքական դաշտում ձևավորվում է մրցակցության մեխանիզմը, այդ մրցակցությունն ընթանում է կուսակցությունների, կուսակցական խմբավորումների, ինչպես նաև՝ սոցիալական խավերի ու խմբերի միջև: Մրցակցության մեխանիզմն իր հերթին, եթե գործում է քաղաքակիրթ ձևով, օրենքի շրջանակներում, երբ արդեն ընդունվել է քաղաքական կուսակցությունների մասին օրենքը, ապա հնարավոր է դրաձնում լուծել քաղաքական համակարգի և ամբողջ հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ:

Այս համակարգի պարագայում քաղաքական ընդդիմությունը կարողանում է հանդես գալ առավել ակտիվ գործունեությամբ և դրանով իսկ ընդլայնում քաղաքական պրոցեսների ակտիվ մասնակիցների շրջանը, նպաստում բարեփոխումներին, հասարակական կարգի կատարելագործմանը:

Բազմակուսակցական համակարգի հիմնական թերություններից կարելի է համարել այն հանգամանքը, որ չափից դուրս մանր կուսակցությունների հայտնվելը խորհրդարանում կարող է դժվարացնել կառավարության վերջնական ձևավորման գործընթացը, ինչպես նաև հասարակությունը տրոհել ավելի մանր խմբերի, որի դեպքում հետագայում դժվարանում է միասնական քաղաքական տեսակետների ձևավորումը:

Կուսակցական համակարգը տվյալ պետության իշխանական համակարգի ձևավորմանը մասնակցող կուսակցությունների ամբողջությունն է: Կուսակցական համակարգը բնորոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել կուսակցությունների թիվը, առաջատար կուսակցության կամ կոալիցիայի առկայությունը կամ բացակայությունը, կուսակցությունների միջև մրցակցության մակարդակը:

Նշենք, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքական իրականության մեջ յուրահատուկ ակտիվությամբ ի հայտ եկան նոր կուսակցություններ` «Ալյանս», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», իսկ օրերս պարզ դարձավ, որ հնարավոր է նոր կուսակցություն հիմնի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Այսօր ՀՀ-ում գործում է ավելի քան 70 կուսակցություն: Նշված կառույցները պետք է փորձեն իրենց ներկայությամբ քաղաքական պլյուրալիզմ ապահովել ՀՀ քաղաքական համակարգում, և թե ինչքանով նրանք կկատարեն վերոնշյալ կուսակցական համակարգերով բնորոշվող դրույթները, ցույց կտա ժամանակը:

Արման Հովասափյան-Facebook