2015 թվականի հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ը «Փեձրինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռ կայացրեց: Դատարանը վճռեց, որ թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը չպետք է ազգային խտրականության հոդվածով դատապարտվի Շվեյցարական դատարանում, երբ վերջինս 2005թ-ին միջազգային սուտ էր որակել Հայոց ցեղասպանության փաստը: Թուրք ազգայնականը նաև հայտարարել էր, որ 1915թ-ի կոտորածները հայերին բնաջնջելու միտում չունեին և տեղի ունեցածի մեղավորը իմպերիալիստական ուժերն էին, որոնք թշնամացնում էին հայերին և մահմեդականներին:
Նշենք, որ Շվեյցարական օրենքն արգելում է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության ժխտումը, և քրեական պատասխանատության է ենթարկում նրանց, ովքեր ժխտում են դրանց իրագործման փաստը: Այս դատական պրոցեսին իբրև երրորդ կողմ մասնակցում էր նաև Հայաստանը: Վճռի հրապարակումը իրավական առումով բավարարում էր հայկական կողմին, քանի որ ՄԻԵԴ-ի վերին պալատը փոխել էր ստորին պալատի ձևակերպումները հայերի համար շահեկան տարբերակով՝ նշելով, որ իրենց խնդիրը չէ, որոշել, թե արդյոք 1915թ-ի սպանությունները, իրադարձությունները ցեղասպանություն էին, թե ոչ:
Հօգուտ Փերինչեքի դատարանի վճռով ավարտվեց տարիներ շարունակ իրավական վճիռների և բողոքարկոմնորի շղթան: Եվրոպական դատարանի վճռի մեջ նշվում է. «Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն չկար»: Վճռի համաձայն՝ Փերինչեքի` Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ հայտարարությունները չեն պարունակել ատելության և անհանդուրժողականության տարրեր: Վճիռն արձանագրում է, որ շվեյցարական օրենքը տվյալ դեպքում Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել:

ՄԻԵԴ-ի 17 դատավորերից 7-ը դեմ են եղել դատավորների մեծամասնության ընդունած վճռին: Նրանք հանդես են եկել իրենց հայտարարությամբ, որը ընդգրկվել է վճռի մեջ: 7 ընդդիմադիր դատավորներն իրենց հայտարարության մեջ քննադատել են դատավորների մեծամասնությանը` նշելով, որ վճռում բավականաչափ ուշադրություն չի դարձվել Փերինչեքի հակահայկական մեկնաբանություններին:

Օրերս «Ազատություն» ռադիոկայանը ՄԻԵԴ-ի ընդունած վճռի հետ կապված զրուցել է Դ. Փերինչեքի հետ, ով իր հայտարարությունը, թե հայոց ցեղասպանությւոնը սուտ է, հիմնավորել է հետևյալ կերպ. «1915թ-ին չկար 1948թ.-ի (Ցեղասպանությունը կանխելու և պատժի մասին) ՄԱԿ-ի կոնվենցիան: Քրեական իրավունքը հիմնարար սկզբունք ունի՝ հանցագործության սահմանումը կիրառելի չէ անցյալի համար, այսինքն՝ այսօր հանցագործություն չհամարվող երևույթի համար հանցագործության համար որևէ մեկին չես կարող դատապարտել: 1915թ-ին ցեղասպանություն հանցագործությունը չկար: Կարող ենք օգտագործել կոտորած, ջարդ կամ այլ եզրույթ, սակայն «ցեղասպանությունը որպես հանցագործություն» սահմանվել է 1948թ-ին, այդ պատճառով էլ այդ տարեթվից առաջ տեղի ունեցած դեպքերից առաջ կիրառելի չեն»:

Դողու Փերինչեքը, ծառայություն մատուցելով թուրքական ժխտողականության քարոզչական մեքենային, իրավական անգրագետ հիմնավորումներ է բերում, քանի որ ՄԱԿ-ի մեկ այլ 1968թ-ի նոյեմբերի 26-ին ընկունված «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիայի առաջին հոդվածում նշվում է. «Անկախ կատարման ժամկետից պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցործությունների նկատմամբ որևէ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում»:

Բացի այդ՝ եթե շարժվենք ըստ Փերինչեքի հիմնավորմամբ, ապա ստացվում է, որ հրեական Հոլոքոստը նույնպես «ցեղասպանություն չէ», քանի որ տեղի է ունեցել 1948թ-ից առաջ (1942-44թթ.): Այնինչ հարկ է նշել, որ «Ցեղասպանության» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինն այդ եզրույթը ստեղծելիս իր աչքի առաջ է ունեցել առաջին հերթին Հայոց ցեղասպանությունը, և դրա մասին նա նշում է իր ինքնակենսագրականում:
Մնում է միայն նշել, որ թուրքական ժխտողականությունը, որի ներկայացուցիչներից է նաև Փերինչեքը, հիմնվելով անհիմն ու ստահոդ իրավական փաստերի վրա, երկար կյանք չունի, և վաղ թե ուշ բախվելու է արդարության պատին:

Նարե Սարգսյան-Facebook