Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթը հարցազրույց է ներկայացրել գործարար և բարերար, IDeA բարեգործական հիմնադրամի, «100 կյանք» նախագծի և Dilijan Art Initiative նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ, որը վերջերս գտնվել է Ստամբուլում։
Հարցազրույցը` հատվածաբար.
- Ո՞վ է Ռուբեն Վարդանյանը ԶԼՄ-ների ներկայացրածից դուրս։
- Ես շարքային, սովորական մարդ եմ։ Եվ ինչպես բոլորը՝ ես էլ ներսումս ունեմ ինձ ուղղորդող մի ուժ, որին «միջուկային ռեակտոր» եմ կոչում: Ոմանց մեջ այդ ուժն ավելի աշխույժ է արտահայտված, ոմանց մոտ՝ ոչ: Առանց այդ ուժի դժվար է կոտրել շուրջդ գոյացած պատերը, փոխել աշխարհն ու հասնել մեծ հաջողության: Շատ կարևոր է, որ ամեն մարդ գտնի այն, ինչ երջանկացնում է իրեն: Ինձ համար ամենակարևոր ուղղորդիչը միշտ եղել է անհնարինը հնարավոր դարձնելը, իսկ իմ հիմնական խնդիրն է հաղթահարել հասարակության անվստահությունը, որպեսզի օգնեմ մարդկանց ավելի լավ հասկանալ միմյանց։ Եվ սա անում եմ տարբեր մեթոդներով՝ համագործակցային առևտրական և սոցիալ-բարեգործական ծրագրերով, գիտաժողովների միջոցով հաղորդակցության հարթակներ ստեղծելով, և այլն։ Հետևաբար՝ իմ բոլոր ծրագրերը, թեև թվացյալ շատ տարբեր են, բայց նույն նպատակն են հետապնդում. փորձել փոխել աշխարհն ու տարածությունն իմ շուրջ և փորձել համոզել ինձ և մյուսներին, որ անհնարինը հնարավոր է, որ ամեն ինչ կախված է մեզանից:
- Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել Դիլիջանի միջազգային դպրոցը։
- Ես և կինս նախագծի շուրջ սկսեցինք խորհել 2006-ին, երբ մեր երեխաների համար կրթության հնարավորություններ էինք փնտրում: Աշխարհում ավելի քան 20 դպրոց այցելեցինք՝ ուսումնասիրելով նրանց փորձը։ Այսպես ծնվեց Դիլիջանում միջազգային դպրոց հիմնելու գաղափարը։ Երբ Վերոնիկան հայտադիմումը ներկայացրեց Միջազգային բակալավրիատ կազմակերպությանը (IBO), նրան տեղեկացրին, որ մեր գաղափարներն ու առաքելությունը գրեթե ամբողջությամբ համընկնում է Միացյալ համաշխարհային քոլեջների (UWC) գաղափարներին և առաքելությանը: Կար ևս մեկ երջանիկ պատահականություն. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական գծով փոխնախագահ Մանֆրեդ Շեպերսը, որն այսօր մեր դպրոցի կառավարիչների խորհրդի հոգաբարձուներից և անդամներից մեկն է, Միջազգային համաշխարհային քոլեջների (UWC) շրջանավարտ է և խորհրդի անդամ։
- Ստամբուլի Բիենալում ներկայացված հայ արվեստագետների աշխատանքներին եք աջակցություն ցուցաբերում: Այս աշխատանքների, ինչպես նաև Դիլիջանի արվեստի նախաձեռնության մասին ավելի մանրամասն կպատմե՞ք։
- Կցանկանայի նշել, որ Ստամբուլի 14-րդ Բիենալի հայկական ծրագիրը ներկայացնում է բազմաթիվ մարդկանց՝ ոչ հայերի, ովքեր իրենց աշխատանքները նվիրել են Հայոց ցեղասպանությանը: Ինչպես արդեն նշեցի՝ գործընկերների հետ միասին իմ իրականացրած ծրագրերը մի խնդրի լուծման տարբեր մեխանիզմներ են: Դիլիջանի արվեստի նախաձեռնությունը նույնպես միտված է միավորելու մարդկանց: Սա շահույթ չհետապնդող ծրագիր է, որի նպատակն է Դիլիջանի և ամբողջ Հայաստանի զարգացման համար հիմք ստեղծելը:
- Ինչպիսի՞ն են Ձեր դիտարկումները Ստամբուլի այցից: Ի՞նչը զարմացրեց կամ հիասթափեցրեց ձեզ:
- Սա իմ առաջին այցն է Ստամբուլ, և իսկապես հավանեցի այն: Հատկապես շատ հետաքրքիր էր Բիենալի շրջանակներում մեզ հետ աշխատող երիտասարդներին՝ կամավորներին, ուղեցույցներին լսելը: Նրանց հայացքներն ու բաց մտածելակերպը տպավորիչ էին: Իսկ չհավանեցի քաղաքի՝ մեծ չափերի հասնող աղտոտվածությունը։
- Կարդացել եմ, որ Ձեր որդու հետ մագլցել եք Արարատ լեռը: Ի՞նչ զգացիք Ձեր պապերի, տատերի հողում:
- Պետք է ասեմ, որ դժվար էր մագլցել լեռը իմ քաշի պատճառով, էլ չխոսեմ ձնաբքի մասին: Բայց ուրախ եմ, որ կարողացանք հաղթահարել բոլոր մարտահրավերները: Մի անգամ խոստացել էի իմ պապին, որ կմագլցեմ Արարատը, և ինձ համար շատ կարևոր էր պահել այդ խոստումը։